հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԱՀ նախագահն ու ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել են անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ

ԱՀ նախագահն ու ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել են անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը:
 
Նախագահը նրանց ուշադրությանն է ներկայացրել վերջին օրերի ընթացքում կատարված որոնողական աշխատանքների արդյունքները և նշել, որ ամենօրյա պարբերականությամբ շարունակվում են այդ ուղղությամբ բանակցություններն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի պատասխանատուների հետ:
 
Նախագահ Հարությունյանը լսել է նաև ներկաների առաջարկությունները և վստահեցրել, որ բոլոր ջանքներն ուղղված են մեր զինծառայողների ճակատագրերը պարզելուն:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվական կապն ավելի արդյունավետ դարձնելու և զինծառայողների մասին ճշգրտվող յուրաքանչյուր տեղեկություն օպերատիվ կերպով հարազատներին հաղորդելու վերաբերյալ:
 
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, ինչպես նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

  • Կիսվել: