երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ նախագահի մասնակցությամբ քննարկվել են Մաճկալաշենում նոր թռչնաբուծարանի կառուցման ծրագրի իրականացմանը վերաբերվող հարցեր

ԱՀ նախագահի մասնակցությամբ քննարկվել են Մաճկալաշենում նոր թռչնաբուծարանի կառուցման ծրագրի իրականացմանը վերաբերվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ընդունել է «Նավասարդ ԱԳՐՈ» ՍՊԸ հիմնադիր Գարիկ Նավասարդյանին և գործադիր տնօրեն Արմինե Մելքումյանին։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, քննարկվել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նոր թռչնաբուծարանի կառուցման ծրագրի իրականացմանը վերաբերվող հարցեր։

Նախագահ Հարությունյանը ողջունել է «Նավասարդ ԱԳՐՈ» ընկերության, ԱՀ գյուղատնտեսության և էկոնոմիկայի, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունների և Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը և նշել, որ Մաճկալաշենում նախագծի հաջողությունը հնարավորություն կտա ընդլայնել այն, ընդգրկել նոր բնակավայրեր և նպաստել գյուղտնտեսական արդյունքի ստեղծմանը, գյուղացիների զբաղվածության և եկամուտի խնդրի լուծմանը, ինչպես նաև պետություն – մասնավոր հատված – համայնք համագործակցության մշակույթի կայացմանը:

Ըստ ձեռքբերված պայմանավորվածության՝ թռչնաբուծարանի կառուցման ու թռչունների ձեռքբերման պարտավորությունն ստանձնում է պետությունը, իսկ ծրագրի կառավարումն ու արտադրանքի իրացումը՝ «Նավասարդ ԱԳՐՈ» ընկերությունը: Ծրագրի շնորհիվ լուծվելու է շուրջ 50 ընտանիքի զբաղվածության հարցը. յուրաքանչյուր ընտանիք խնամելու է 300 թև թռչուն, ինչի համար ամեն ամիս ստանալու է մոտ 120 000 - 150 000 դրամ եկամուտ:

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ ծրագրի բարեհաջող ընթացքի հիմնական շահառուն, ինչ որ իմաստով նաև պատասխանատուն, սահմանամերձ համայնքի բնակիչն է, ում սոցիալական վիճակի շարունակական բարելավումը հանդիսանում է Արցախի իշխանությունների գերխնդիրը։

  • Կիսվել: