հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մաճկալաշենն այս տարի ևս թթի օղու պակաս չի ունենա. համայնքապետը ներկայացնում է գյուղի առօրյան

Մաճկալաշենն այս տարի ևս թթի օղու պակաս չի ունենա. համայնքապետը ներկայացնում է գյուղի առօրյան

Տարվա այս եղանակին ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում անգործ մարդու չես հանդիպի. բոլորն իրենց տնամերձերում այգիներն են մշակում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը նշում է.

«Չնայած այն հանգամանքին, որ պատերազմից հետո գյուղի շուրջ 300 հա վարելահող մնացել է թշնամու տիրապետության տակ, այնուամենայնիվ, գյուղացիների աշխատասիրությունը չի պակասել: Այս պահին ունենք 90 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որից 70 հա-ի վրա ցորեն ենք ցանել, իսկ մնացածի վրա՝ գարի: Սակայն այս ամենով գյուղացիները չեն բավարարվում։ Գյուղամերձ տարածքներում բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ են զբաղվում, ցանում են կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, կաղամբ, կանաչեղեն, այն ամենը, ինչ անհրաժեշտ է գյուղացուն: Արոտավայրերի կորստից տուժել է անասնապահությունը, ինչը գյուղատնտեսության զարգացած ճյուղերից մեկն էր մեզ մոտ: Ունենք նաև թռչնաբուծությամբ զբաղվող տնտեսություններ»:

Մեր զրուցակիցը տեղեկացրել է նաև, որ այս օրերին տղամարդիկ աշխատանքներ են կատարում իրենց պատկանող խաղողայգիներում, և համոզմունք է հայտնել, որ այս տարի ևս գյուղում թթի օղու պակաս, հաստատ, չի զգացվի: Նրա խոսքով՝ գյուղում ընդունել են տեղահանված հինգ ընտանիքի, գրեթե բոլորն ապահովվել են բնակկենցաղային անհրաժեշտ պայմաններով:

«Գյուղի կենտրոնական մասում է գտնվում խաղահրապարակը, որի տարածքը ԱՀ Կառավարության ֆինանսավորմամբ ցանկապատվել է, իսկ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը նոր խաղասարքեր է տրամադրել: Խաղահրապարակը կանաչապատվել է և հաճելիորեն ապահովում է երեխաների ուրախ ժամանցը։ Դպրոց են հաճախում հայրենասիրական գաղափարներով դաստիարակվող 57 աշակերտներ: Շենքային պայմանների բացակայության պատճառով «Երկարօրյա դպրոց» ծրագիրը կներդրվի սեպտեմբեր ամսին: ԱՀ Կառավարության և «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից նոր մասնաշենք կկառուցվի»,-պատմել է Լ. Ավանեսյանը:

Մաճկալաշենն Արցախյան բոլոր պատերազմներում էլ ցույց է տվել, որ հայրենիքին տվել է հայրենասեր զավակներ, իսկ 44-օրյա պատերազմում հայրենի գյուղի պաշտպանության համար նահատակվել են տասնմեկ քաջորդիներ։

  • Կիսվել: