հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ կառավարության դիրքորոշումը՝ Էրդողանի ու Ալիևի Շուշի այցի և հայտարարությունների վերաբերյալ

ԱՀ կառավարության դիրքորոշումը՝ Էրդողանի ու Ալիևի Շուշի այցի և հայտարարությունների վերաբերյալ

Էրդողանի ու Ալիևի Շուշի այցի և հայտարարությունների վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության հստակ դիրքորոշումն այն է, որ նրանց գործողություններn ապօրինի են:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
 
«Այդ համատեքստում տեղեկացնեմ, որ Արցախի կառավարությունում մշակվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կշրջանառվի կառավարությունում և հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով: Մի քանի հակիրճ մեջբերում օրինագծից.
 
1. Օրենքի նպատակն է 1991-94 և 2016 թվականներին Ադրբեջանի Հանրապետության և 2020 թվականին Թուրքիայի Հանրապետության և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված (օկուպացված) տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների սահմանումը, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանությունն ու պաշտպանությունը։
 
2. «Բռնազավթված տարածքի» կարգավիճակ կստանան Արցախի Հանրապետության բոլոր բնակավայրերը, և բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում է Սահմանադրության և այլ օրենքների գործողությունը:
 
3. Բռնազավթված տարածքներում Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտականությունը և դրանց խախտման պատասխանատվությունը, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն, ընկնում է բռնազավթումն իրականացրած Ադրբեջանի Հանրապետության վրա:
 
4. Բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։
 
5. Բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։
 
6. Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության, Արցախի Հանրապետության համայնքների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվում և պահպանվում է Արցախի Հանրապետության կողմից: Այդ իրավունքի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետևանքներ։
 
7. Բռնազավթված տարածքներում գործունեություն իրականացնող ցանկացած մարմին, որն ստեղծվել (ընտրվել, նշանակվել) է Արցախի Հանրապետության օրենսդրությանը ոչ համապատասխան և (կամ) բռնազավթված տարածքում որևէ ձևով իրականացնում է օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության լիազորություններ կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված որևէ այլ լիազորություններ, համարվում է անօրինական»,- գրել է Բեգլարյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: