ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ ԳՆ-ում քննարկվել են կորսված գյուղատնտեսական գույքի դիմաց տրամադրվող աջակցության կարգին վերաբերող հարցեր

ԱՀ ԳՆ-ում քննարկվել են կորսված գյուղատնտեսական գույքի դիմաց տրամադրվող աջակցության կարգին վերաբերող հարցեր

Փետրվարի 24-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ մասնակցությաբ ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ Վահրամ Ղահրամանյանի, Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալի, նախարարի տեղակալների, նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ԱՀ շրջանների վարչակազմերի ղեկավարների և գյուղբաժինների վարիչների:

Ինչպես հայտնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից, օրակարգում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական եվ իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցառմանն առնչվող հարցերի քննարկումն էր:

Մասնավորապես, նախարարն անդրադարձել է համայնքներից և շրջկենտրոններից ԱՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացված տվյալներում բազմաթիվ անճշտությունների ու անհամապատասխանությունների առկայության խնդրին՝ անասնագլխաքանակի, պտղատու այգիների և գյուղատնտեսական տեխնիկայի մասով:

«Տվյալների ուռճացումը պայմանավորված է մեծամասամբ մարդկային գործոնով: Այդ նպատակով որոշում է կայացվել ստեղծել համայնքային հանձնաժողովներ, բաղկացած համայնքի ղեկավարներից ու ավագանու անդամներից, համայնքը սպասարկող անասնաբույժից ու գյուղատնտեսից, ովքեր համատեղ ջանքերով մանրակրկտորեն կճշտեն բնակիչների մոտ այս կամ այն գյուղատնտեսական գույքի առկայությունը (նախքան պատերազմը) ու դրա կորստի հանգամանքները: Միայն դրանից հետո տվյալները կփոխանցվեն ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտե»,- ասել է Նորայր Մուսայելյանը:

Նոր հանձնաժողովների հիմնական գործառույթը բոլոր հնարավոր ձևերով ստուգել կորուսված գույքի վերաբերյալ առկա տվյալների իսկությունը և հաշվառված կամ գրանվցած գույքի և չհաշվառված կամ չգրանցված ներկայացնել առանձին ցուցակներ:

Քննարկվել է նաև կորուստների դիմաց տրամադրվող աջակցության չափերի վերանայման հարցը, աջակցության տրամադրման հերթականության սահմանումը՝ նախապատվությունը տալով զոհվածների, վիրավորների և սոցիալապես անապահով ընտանիքներին:

ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ Վահրամ Ղահրամանյանը ողջունել է նախարարի նախաձեռնությունը՝ նման քննարկում կազմակերպելու համար և ընդգծել, որ բոլոր տվյալները պետք է լինեն ստույգ և փաստավորված: Միայն այդ պարագայում քաղաքացիներին կտրամադրվի աջակցություն: Բոլոր տեսակի անհամաձայնություններն ու անճշտություններն էլ անհրաժեշտ է լուծել դատական մարմինների միջամտությամբ:

«Խարդախությունների հայտնաբերման դեպքում գործերի քննումը կհանձնվի իրավապահ մարմիններին, մեղավորների մասին տեղեկությունները կհանրայնացվեն: Ընդ որում, խոսքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր արդեն իսկ օգտվել են աջակցությունից:»,- նշել է Վ. Ղահրամանյանը:

  • Կիսվել: