հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՀ ԱԳՆ-ն դիմում է Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար

ԱՀ ԱԳՆ-ն դիմում է Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

««2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, պատերազմ են սկսել Արցախի Հանրապետության դեմ:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաև՝ զինված հակամարտությունների ընթացքում կիրառվող օրենքների կոպիտ խախտմամբ: Մասնավորապես, թուրք-ադրբեջանական զինված ուժերը դիտավորյալ հրետակոծում են Արցախի քաղաքները, գյուղերը և քաղաքացիական օբյեկտները՝ քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու և ավերածություններ պատճառելու նպատակով:
 
Այդ հրետակոծությունների ընթացքում խաղաղ բնակչության շարքերում վիրավորվել են նաև բազմաթիվ լրագրողներ:
Հայաստանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներից ստացված լուսանկարներում տեսնում ենք, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված՝ Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Սա Թուրքիայի միջամտության վառ օրինակ է:
 
Ադրբեջանական ուժերն օգտագործում են կասետային զինամթերք և տարբեր տրամաչափերի այլ զենքեր, ինչը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է: Արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու մասին մշտական կոչերը և փորձելով ուժի կիրառման միջոցով հասնել հակամարտության կարգավորմանը՝ Ադրբեջանն ու Թուրքիան մինչ օրս շարունակում են համատեղ լայնածավալ ռազմական գործողությունները:
 
Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ նպատակ ունենալով ապահովել Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքը: Ներկայիս իրավիճակում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման միակ օպերատիվ մեխանիզմն է:
Այդ պատճառով դիմում ենք Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ որպես ժողովրդավար և միջազգային հանրության շրջանակներում կարևոր կշիռ ունեցող կառույցների, համախմբման կոչ անել բոլոր ժողովրդավարներին, մարդու իրավունքների պաշտպաններին՝ մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար:
 
Խստորեն դատապարտում ենք Արցախի և Հայաստանի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան, հատկապես՝ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծությունները, ինչպես նաև՝ Թուրքիայի միջամտությունն ու սիրիացի և լիբիացի վարձկանների մասնակցությունը, մի փաստ, որն արդեն հաստատվել է Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից:
 
Կոչ ենք անում նաև պահանջել Ադրբեջանից՝ հարգել մարդու իրավունքներն ու միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները, վերջ տալ ագրեսիային և վերականգնել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»:

  • Կիսվել: