շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՀ ԱԳ նախարարը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ

ԱՀ ԱԳ նախարարը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ադրբեջանական կողմի իրականացրած՝ հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պղծման փաստերի և վանդալիզմի ակտերի կապակցությամբ։
 
«Նամակում նշել եմ, որ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, որտեղ տեղակայված են հայկական ժառանգության բազմաթիվ մշակութային հուշարձաններ, հայտնվել է Ադրբեջանի ռազմական օկուպացիայի տակ։
 
Ուշադրություն եմ հրավիրել այն փաստին, որ համացանցում շրջանառվում են տեսագրություններ և լուսանկարներ, որտեղ երևում են Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պատերին ադրբեջաներեն գրություններ։ Քանդվել են եկեղեցու կոմպոզիցիոն մասը կազմող քանդակներ, վնասվել են անմիջապես եկեղեցում գտնվող արտեֆակտեր։ Ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված հարված են հասցրել եկեղեցու վրա։ Հարձակման արդյունքում լուրջ վնասներ են հասցվել եկեղեցուն։ Երկրորդ հարվածի ժամանակ վիրավորվել են լրագրողներ, որոնք եկեղեցում էին` առաջին հարվածի հետևանքները փաստագրելու նպատակով։
 
Ընդգծել եմ, որ հայկական պատմական և մշակութային ժառանգության գոյության սիստեմատիկ ժխտումը և դրա ոչնչացումը վաղուց արդեն նորմ են հանդիսանում Ադրբեջանում և հայերի նկատմամբ ատելություն ու այլատյացություն սերմանելու պետական քաղաքականության մաս են կազմում։ Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության տարածքներում տեղակայված հայկական ժառանգության մշակութային հուշարձանների ոչնչացման սպառնալիքի կապակցությամբ շեշտել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արդյունավետ քայլեր ձեռնակրելու անհրաժեշտությունը՝ ապահովելու հայկական պատմական, մշակութային և հոգևոր հուշարձանների պաշտպանությունը և երաշխավորելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը», - ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Մասիս Մայիլյանը։

  • Կիսվել: