երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ագուլիսից Ստեփանակերտ՝ խաղաղ զարգացման իրավունքը

Ագուլիսից Ստեփանակերտ՝ խաղաղ զարգացման իրավունքը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Ագուլիսի հայկական եղեռնագործության 100-րդ տարելիցի առիթով քաղաքական խիստ այժմեական հնչեղություն ունի։

Սկզբից հիշելը, որ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, ի պատասխան այս ջարդերին, դիմել էր միջազգային հանրությանը և, մասնավորապես՝ Անտանտի երկրներին՝ իր տարածքում իրականացվող բռնությունները կանխարգելելու և տարածաշրջանի հայերի անվտանգությունն ապահովելու կոչով նախանշում է, որ Երեւանը հիմնահարցի միջազգայնացման նոր քայլեր առնելու որոշում է կայացրել։ Ընդգծելով Ագուլիսի կրկնությունը՝ պաշտոնական Երեւանը հաստատում է, որ ցեղային զտման քաղաքականությունը շարունակվել է Նախիջեւանի հայաթափման տեսքով, մշակութային ջարդարար գործողություններով։
 
Միջազգային ընտանիքի ուշադրությանն է հանձնվում, որ այս քաղաքականության արդյունքում ոչնչացվել է մի ամբողջ մշակութային ժառանգություն, ընդ որում համաքրիստոնեական արժեք ներկայացնող հուշակոթողներ։
 
Պաշտոնական Երեւանի ինքնահանձնարարականը հստակ է՝  Հայաստանն առավել քան վճռական է պաշտպանելու և ապահովելու հայ ժողովրդի գոյության և խաղաղ զարգացման իրավունքն իր պատմական հայրենիքում, այդ թվում՝ Արցախում: Այս բանաձեւը երկու կարեւորագույն ուղերձ է պարփակում։ Նախ այն, որ Նախիջեւանը պաշտոնապես նկատվում է հայ ժողովրդի պատմական հայրենիքը եւ շեշտվում է  հայ ժողովրդի ապրելու, արարելու եւ զարգանալու իրավունքը, որի պաշտպանության համար պետությունը վճռական է տրամադրված։
 
Երկրորդ, երբ ասվում է այդ թվում՝ Արցախին, բանաձեւվում է նաեւ Արցախի պատմական հայրենիք լինելն ու արցախահայության անվտանգության երաշխավորությունն ստանձնելը։ Նախիջեւանի զուգահեռը Արցախի հետ պարզապես այդ տարածքի հայապատկանելիության փոխանցումն է միջազգային  ընանիքին․ առավել եւս Երեւանի կողմից վճռականորեն պատմական հայրենիքի հատվածում հայ ժողովրդի զարգացման իրավունքի վերաիրացման առաջադրանքի պաշտոնականացումը։
 
Համարյա նույն օրերին այս անգամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը արծարծել է հայկական ուժերի դիրքերի բարելավված լինելու փաստը։ Չնայած Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է ամրացնելՆախիջեւանում համազորային բանակն ու դիրքերը, սակայն Հայաստանի զինված ուժերը դա թույլ չեն տալիս եւ 2019 թվականի ընթացքում եղել է Նախիջեւանի ուղղությամբ դիրքերի մարտավարական բարելավում, արդյունավետ վերահսկողության ենթակառուցվածքների ձեւավորում եւ զինտեխնիկայի համալրում: Ասել էր Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
 
Նման հայտարարություններն առավել եւս համոզում են, որ կատարվածը զուտ տարելիցային առիթի պատշաճ ուղերձի սահմաններից անդին է եւ ունի ըստ էության ռազմաքաղաքական բովանդակություն։ Ուղերձներն ուղղվում են Մոսկվային, Բաքվին, Անկարային եւ միջազգային ընտանիքին։ ՀՀ ԶՈՒ-ի անունից ասվածը իմաստավորում է ԱԳՆ խոսնակի հիմնավորած պատմական հայրենիքում խաղաղ զարգանալու իրավունքի վճռական պաշտպանությունը։
 
Հայտարարությունները կարող են ունենալ նաեւ աշխարհաքաղաքական հնչեղություն։ Վաշինգտոն-Անկարա լարված պարանաձգության կամ Մոսկվա-Անկարա կանաչ եւ կարմիր լույսերով ընթացող գործընթացների ֆոնին քաղաքականորեն օրինաչափ է լուսարձակները բացել տարածքային վիճելի խնդիրների վրա։ 2021 թվականին կլրանա ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը, որը սահմանել էր Նախիջեւանի կարգավիճակը: Իսկ հարաբերությունների լարված հանգրվանում Վաշինգտոնը կարող է հիշել Նախիջեւանի պատմական պատկանելիությունը կամ Ագուլիսի ջարդերն ու Նախիջեւանի հայաթափումը, ընդհուպ մինչեւ  Ջուղայի կոթողների մասսայական ոչնչացումները։
 
Այս բոլորի նախադրյալը պաշտոնական Երեւանի հայտարարություններն են։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

  • Կիսվել: