հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանը քարոզչական հիմք ու տրամադրություններ է ստեղծում՝ ապագա նոր ագրեսիայի համար․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանը քարոզչական հիմք ու տրամադրություններ է ստեղծում՝ ապագա նոր ագրեսիայի համար․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացեիբաց հայտարարում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը իրեն չի գոհացնում, այդ մասին InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ մեկնաբանելով Ալիևի վերջին օրերի հայտարարությունները։

Ըստ փորձագետի, Ալիևը նաև հայտարարում է հայկական կողմի հետ ինչ-որ պայմանավորվածությունների խախտման մասին և համարում, որ  հիմնահարցի լուծումը ռազմական ճաապարհն է։

«Ստեղծված իրավիճակում նա գլխավոր մեղավոր համարում է հայկական կողմին», -նկատեց Էլիբեգովան։ Հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը այդ հարցում աջակցո՞ւմ է Ադրբեջանի նախագաին, ադրբեջանագետը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ նման աջակցություն չեմ տեսնում։ Ես տեսնում եմ համանախագահների կոչ, որպեսզի կողմերը նստեն բանակցային սեղանի շուրջ և փորձեն խաղաղ կարգավորման մեխանիզմներ մշակել, ինչին Ադրբեջանը այդքան էլ հակված չէ»։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հայտարարությունները արձագանք էին Հայաստանի վարչապետի՝ 7 կետերի մասին հայտարարությանը, թե՞ այդ երկրի ղեկավարը առաջիկայում սադրանքների հող է նախապատրաստում։ Ի պատասխան Էլիբեգովան արձագանքեց․ «Իհարկե, նման հռետորաբանությամբ սադրանքների հող է նախապատրաստվում, այդպիսով՝ քարոզչական հիմք ու տրամադրություններ է ստեղծում՝ ապագա նոր ագրեսիայի համար»։

Նրա խոսքով, այս հարցում Թուրքիան ամբողջովին քարոզչական, տեղեկատվական, դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։

«Թուրքիան կոնցեպտուալ առումով հստակեցնում է իր մոդերատոր լինելու ցանկությունները, հստակ ֆիքսում է իր դերը տարածաշրջանում որպես խաղացող»,-ընդգծեց փորձագետը։

Մեր հարցին, թե այս պարագայում հայկական կողմի քայլերը որոնք են, նա պատասխանեց․ «Հայկական կողմը պետք է բավականին լուրջ հարված հասցնի Ադրբեջանի քարոզչությանը և Ալիևի առաջ քաշած թեզերին։ Միջազգային հանրության համար հստակ բացատրվի, թե ինչպես է Ադրբեջանը կամ Ալիևը խեղաթյուրում իրականությունը, ինչու է ապատեղեկատվություն տարածում և ինչ նպատակներով։ Դա դիվանագիտական ամբողջ կորպուսին պետք է հասցնել»։

  • Կիսվել: