երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դասական հակամարտությունների տրամաբանությունից դուրս է. Ղուլյան

Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դասական հակամարտությունների տրամաբանությունից դուրս է. Ղուլյան

Այսօր ճեպազրույցում ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն ասաց, որ չի կարելի ասել, թե պատերազմ չէինք սպասում, բայց ակնկալվում էր, որ հակառակորդը դասեր է քաղել նախորդ պատերազմներից:

՛՛Հիմա պարզվում է՝ ոչ միայն դասեր չեն քաղել, այլև բոլոր հնարավոր միջոցներով պատրաստվել են հերթական ամենաանմարդկային գործողությունների՛՛,-ասաց Ղուլյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը երկար տարիներ պատրաստվել է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների։

ԱԺ նախկին նախագահն ասաց. ՛՛Մենք մտածում էինք՝ մեր դեմ լինելու է միայն Ադրբեջանը, իր բոլոր հնարավորություններով, և մեր պատրաստվածությունները դրան համարժեք էին։ Պարզվում է, որ Ադրբեջանը, իր ուժերին վստահ չլինելով՝ արդեն սկսել է ձեռնարկել Թուրքիայի և ահաբեկչական խմբերի մասնակցությունը։ Փաստորեն մենք այսօր ունենք մեծածավալ ռազմական թատերաբեմ, որն ամեն րոպե պատրաստ է վերածվել ոչ թե տարածաշրջանային, այլ ավելի մեծ հակամարտության՛՛:

Ըստ նրա՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դասական հակամարտությունների տրամաբանությունից դուրս է:

Ղուլյանն աասաց. ՛՛Ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում՛՛: Նա հավելեց, որ Ադրբեջանն իր վերջին ճիգերն է օգտագործում, որ ԼՂ հիմնախնդիրը լուծի հօգուտ իրեն:

՛՛Վստահ եմ, որ դա չի հաջողվելու։ Արցախի շուրջն այսօր համախմբված են ոչ միայն ամբողջ հայությունը, այլև միջազգային կառույցներն ու երկրները, որոնք լավ են պատկերացնում, թե ինչ է տարածաշրջանային կամ միջազգային անվտանգությունը՛՛.-ասաց նա՝ վստահեցնելով, որ այսօր  արդեն աշխարհը սկսել է մի քիչ ուրիշ ձևով վերաբերվել հարցին։

՛՛Հասկացել են, որ այստեղ Ղարաբաղի խնդիր չէ, տարածաշրջանը նոր Մերձավոր Արևելք կամ անվերջ ծխացող օջախ դարձնելու խնդիր է, որտեղ էլի թուրքական ձեռագիր է։ Ադրբեջանն այստեղ ուղղակի կամակատար է։

Այսօր և վաղը շատ վճռական են մեր այս միջավայրն ամբողջացնելու և այդ միջավայրում մեր գործողությունները կոնկրետացնելու։ Նկատում եք, որ այստեղ ուժերի կենտրոնացում և բևեռացում է տեղի ունենում, պետք է փորձենք նախորդ պատերազմների օրինակները կիրառել՛՛,-ասաց Ղուլյանը:

 

  • Կիսվել: