չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի իշխանությունը շարունակում է Արցախից հայերին վտարելու քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի իշխանությունը շարունակում է Արցախից հայերին վտարելու քաղաքականությունը. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքը հայերի նկատմամբ տասնամյակներ շարունակ դրսևորվել է ատելության, ֆիզիկական ու հոգեբանական բռնության, դիտավորյալ կյանքից զրկելու հանցավոր վարքագծի մեջ, և ոչ մի հիմք չկա նույնիսկ ենթադրելու, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կարող է փոխել այդ ռազմավարությունը: Տելեգրամի իր ալիքում նման կարծիք է հայտնել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Մեկնաբանելով Արցախի Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի վերջին գնդակոծությունները՝ նա հայտարարել է, որ քանի դեռ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը պատրաստ չեն իրական և բոլոր կողմերի համար արժանի երկխոսության ու խաղաղության, ԼՂ հակամարտությունը չի կարող կարգավորվել:

Նա նաև կարծում է՝ որքան էլ Ադրբեջանի իշխանությունը խաղաղություն և քաղաքավարություն խաղա, միևնույն է, նրանք բացահայտորեն շարունակում են հայատյաց ու ագրեսիվ քաղաքականությունը Արցախից հայերին վտարելու, հայոց պետականությունն ու հայերին նվաստացնելու նպատակով:

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունն այլընտրանք չունեն, քանի որ մենք մեր ճակատագրի տերն ենք մեր հայրենիքում, և դա աշխարհում նոր ցեղասպանությունը կանխելու միակ միջոցն է»,-հայտարարել է Արցախի պետնախարարը:  

  • Կիսվել: