ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանցիները ԼՂ ամբողջ ճակատով սրընթաց փախուստի են դիմում․ Волна Каспия

Ադրբեջանցիները ԼՂ ամբողջ ճակատով սրընթաց փախուստի են դիմում․ Волна Каспия

Հայկական զինված ուժերը ԼՂ-ում անցել են հակահարձակման՝ ստիպելով Ադրբեջանի ԶՈՒ-ին նահանջել և բառացիորեն փախչել։ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հիմնական հարվածը հասցրել է Խուդաֆերինի ջրամբարի շրջանում՝ ադրբեջանական ուժերը մասնատելով 2 մասի, իսկ ադրբեջանական զորքերի գլխին սպառնալիքն է կախվել, գրում է Волна Каспия թերթը։

Փորձելով խուսափել հետագա ոչնչացումից՝ ադրբեջանցիները հնարավորինս արագ նահանջում են։ Սակայն օղակում հայտնված ադրբեջանական հսկայական խմբավորմանը դա արդեն չի օգնի. նրանք շրջափակումից դուրս գալու շանս այլևս չունեն, գրում է աղբյուրը։

«Ղարաբաղի Պաշտպանության բանակի այս գործողության հաջողության դեպքում, վերջ կտրվի Ադրբեջանի զինված ուժերի հարձակողական ակտիվությանը․ նրան չի մնա ո՛չ կենդանի ուժ, ո՛չ տեխնիկա, ո՛չ ռեսուրսներ, ո՛չ մոտիվացիա, և նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, երես կթեքի իր անհաջող ադրբեջանցի դաշնակցից»,-գրում է աղբյուրը՝ Ալիևի կողմից բռնի ռազմաճակատ ուղարկված Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին կոչ անելով ցանկացած հնարավորության դեպքում փրկել իրենց կյանքը, քանի որ ադրբեջանական բանակի կորուստները շատ մեծ են լինելու։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

 

Հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 576 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6309 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 772 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

 

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Այս մասին գրում է tert.am-ը։

  • Կիսվել: