չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի հանրային ռադիոն չլռեց

44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի հանրային ռադիոն չլռեց

 1945 թվականից մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի, կապի և ռադիոտեխնիկայի ոլորտի մասնագիտական տոնական օր:

Օրվա առթիվ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Տաթև Խաչատրյանի հետ:
 
«Արցախի հանրային ռադիոն ունի 24-ժամյա եթեր: 24 ժամվա ընթացքում մենք մեր ռադիոլսողներին մատուցում ենք հաղորդումներ, առավոտյան 08:30-ից սկսած` ամեն ժամագլխի ներկայացնում ենք լուրեր՝ հինգ րոպե տևողությամբ բլոգ, ժամը 13:00-ին՝ 15 րոպե տևողությակբ և ժամը 17:00-ին՝ լուրեր ռուսերենով: Մեր հիմնական թողարկումը երեկոյան ժամը 18:00-ին է՝ կես ժամանոց բլոգ, որտեղ արդեն ներկայացնում ենք ռեպորտաժներ, ինչպես նաև բարձրաճաշակ երաժշտություն ենք առաջարկում մեր ռադիոունկնդիրներին: Ունենք շատ բծախնդիր ռադիոունկնդիրներ, ովքեր իրենց ճաշակին համահունչ երաժշտություն են խնդրում: Հանրային ռադիոյի նպատակը ցանկացած ճաշակի, ցանկացած տարիքի ունկնդիրների համար հաջողված աշխատելն է»,-ասել է Տ. Խաչատրյանը:
 
Նրա խոսքով՝ արդեն երեք ամիս է` եթեր է հեռարձակում Առավոտյան տեղեկատվական, ժամանցային երկու ժամ տևողությամբ «Բարի լույս, Արցախ»-ը, որի միջոցով առավոտյան ժամը 08:00-ից ողջունում են աշխատանքի և սովորելու գնացող արցախցիներին:
 
«Ացախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի հանրային ռադիոն չլռեց և ոչ մի րոպե: Այդ ժամանակ, գտնվելով Երևանում, շարունակեցինք աշխատել: Տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին այնտեղից հավաքել տեղեկատվությունը, ձայնագրել, մոնտաժել, ուղարկել Արցախ և տեղադրել մեր եթերում: Կարծում եմ` պատերազմի ընթացքում կարողացանք կատարել մեր առջև դրված խնդիրները»,-նշել է մեր զրուցակիցը:
 
Արցախի հանրային ռադիոն իր ունկնդիրներին է մատուցում 25 հաղորդում, ինչպես նաև ներկայացնում աուդիոգրքեր, ունի նաև պոեզիայի ժամ: Ռադիոյի շենքային պայմաններն այսօր թույլ են տալիս, որպեսզի աշխատակիցները իրականացնեն լիարժեք գործունեություն:
 
Տ. Խաչատրյանն օրվա առթիվ շնորհավորել է իր գործընկերներին՝ որպես նպատակ առանձնացնելով միասնական ուժերով Հանրային ռադիոն բոլորին հասանելի դարձնելը, մշտապես արդիական, ժամանակին համահունչ լրատվամիջոց լինելը, որպեսզի մարդիկ ռադիո լսելու և նրա գործունեությանը հետևելու հետաքրքրություն ունենան:
 

  • Կիսվել: