շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
2019-ը վերելքի, զարգացման ժամանակահատված էր. Արցախի պետնախարար

2019-ը վերելքի, զարգացման ժամանակահատված էր. Արցախի պետնախարար

Անցնող տարին իսկապես վերելքի, զարգացման ժամանակահատված էր: Այս մասին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում նշել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվում է 2019-ը թվականը: Շրջում ենք պատմության եւս մեկ էջ, որը, հիրավի, աշխատանքի, նոր հնարավորությունների իրացման, նպատակներ իրագործելու ժամանակահատված էր: Այսօր ավելի շատ փորձում ենք գնահատել մեր ձեռքբերումները, բացթողումները, խտացնել լավագույնն ու այն խնամքով պահպանել մեր հիշողություններում:

Արձանագրենք, որ անցնող տարին իսկապես վերելքի, զարգացման ժամանակահատված էր: Շնորհիվ կայուն տնտեսական ցուցանիշների, մեր երկրի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում առաջընթացը կայուն էր ու կարեւոր՝ հաջորդ տարիների ռազմավարական ծրագրերն իրագործելու առումով: Համենայնդեպս, մենք փորձել ենք առավելագույնս համադրել հնարավորություններն ու ցանկությունը: Տարին զերծ չէր փորձություններից, եւ այդ փորձությունների մեծամասնությունը մենք հաղթահարել ենք միասին ու արժանապատվորեն:

Ուզում եմ առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորել նրանց, ում ընտանիքում մանկան ճիչ է լսվել, ովքեր ամանորյա հրաշքին սպասում են նոր բնակարանում: Մեր մշտարթուն սահմանապահներին եմ շնորհավորում, եւ նրանց, ովքեր սրտի բաբախյունով սպասում են նրանց վերադարձին: Մեր երեխաներին ու ծնողներին, տատիկներին ու պապիկներին, ովքեր իրենց ներկայությամբ մեր կյանքը իմաստավորում են՝ հղում եմ ջերմ բարեմաղթանքներ: Թող 2020-ը հաջողությունների, լիության տարի լինի արդար քրտինքով հաց վաստակող գյուղացու համար: Թող մեր երկրի առավոտները միշտ խաղաղ լինեն, եւ աշխատելու, ստեղծագործելու, ինքնադրսեւորվելու հնարավորությունները շատ ավելին լինեն:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տարեմուտի այս նվիրական պահին ցանկանում եմ շեշտել մեր ժողովրդի համախմբվածությունն ու ընդգծված քաղաքացիական պատասխանատվությունը, որն անհրաժեշտ է հատկապես ներքաղաքական առումով կարեւոր տարում: 2020 թվականին մենք որոշելու ենք մեր առաջընթացի հերթական ուղղությունը եւ խոհեմությունը մշտապես ուղեկից է լինելու մեզ:

Եվս մեկ անգամ, Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին եմ հղում ամանորյա ջերմ շնորհավորանքներս: Թող 2020-ը խաղաղության եւ բարեկեցության տարի լինի: 

Շնորհավո՛ր Նոր Տարի:

  • Կիսվել: