շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
2016-ին տեղի է ունեցել աղետ. Փաշինյանը՝ ԼՂ կարգավիճակի հարցի մասին

2016-ին տեղի է ունեցել աղետ. Փաշինյանը՝ ԼՂ կարգավիճակի հարցի մասին

Ամենակարեւոր եւ նաեւ որոշակի դժվարություններ ունեցող թեման այն է, որ մենք կարողանանք հանրության հետ խոսելիս ներկայացնել ԼՂ հարցի բանակցային գործընթացի բոլոր շերտերը: Այս մասին այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բանակցային ողջ ընթացքում երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը: 

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛ԼՂԻՄ-ը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ եւ միայն հայկական միավորում, որովհետեւ բանակցություններում արձանագրված է, որ ԼՂԻՄ-ում ապրել են նաեւ ադրբեջանցիներ եւ նրանց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային թեմայի մեջ: Ես նշել եմ, որ երբ խոսք էր գնում ԼՂ կարգավիճակի ճշգրտման համար նախատեսվող հանրաքվեի մասին, խոսվում էր Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության մասին: Դա նշանակում ոչ միայն հայկական բնակչությունը, այլ նաեւ ադրբեջանականը:

Ենթադրենք՝ այդ հանրաքվեն հայկական մեկնաբանությամբ պետք է տեղի ունենար, իսկ այդ մեկնաբանությամբ երբեք տեղի չէր ունենալու, բայց հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեն նաեւ ԼՂ-ի ադրբեջանցիները: Ենթադրենք ադրբեջանցիները պետք է մասնակցեին այն չափով, ինչ չափով մեկնաբանում է հայկական կողմը: Հարց. Իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքստում նրանք էլ իրենց հերթին կարո՞ղ էին արդյոք բարձրացնել իրենց ինքնորոշման սկզբունքը: Այս պարագայում ինչպիսի՞ հարաբերություններ պետք է առաջանային: Այս համատեքստում ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականության ի՞նչ պատկեր պետք է արձանագրեինք՛՛:

Փաշինյանի խոսքով՝ այսօր արվում են հայտարարություններ, որոնք 2018-ի դրությամբ առկա բանակցային բովանդակության հետ ոչ մի իրական կապ չունեն: ՛՛Երբ ես ասում եմ, որ 2016-ին բանակցային գործընթացում տեղի է ունեցել աղետ, ես հենց այդ համատեքստը նկատի ունեմ: ԼՂԻՄ-ը միշտ դիտարկվել է որպես հայկական ու ադրբեջանական միավորում առնվազն բնակչության մասով: Ինձնից առաջ բանակցողները թող ասեն ԼՂ-ի ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին: Իսկ որ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այս իրողությունը, ես դա կարող եմ ապացուցել անհրաժեշտության դեպքում. ոչ թե մեկնաբանել, այլ ապացուցել՛՛,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչ աղետ է տեղի ունեցել 2016-ին՝ Փաշինյանն ասաց. ՛՛Տեղի է ունեցել շատ կարեւոր մի բան. 2016-ին համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ:

Այդ փաթեթներում նշվել է, որը հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում ու գովազդվում է, որ ԼՂ-ն ունի օրենսդիր մարմին, որ ԼՂ-ն ունի դատական իշխանություն եւ այլն, բայց ոչ մեկը չի ասում, որ ԼՂ կարգավիճակը ճշգրտելու հարցը ըստ այդ բանակցային բովանդակության տեղափոխվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:

Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ ամեն ինչ անել, որ վերջնական լուծումը լինի Մինսկի խմբի տիրույթում: 2016-ին, ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխվում են ՄԱԿ-ի ԱԽ:

Այստեղ լուծվելու է մի հարց, որ մինչեւ ԼՂ վերջնական կարգավիճակը լինելը ի վերջո, թեկուզ միջանկյալ կարգավիճակով Ղարաբաղն, ի վերջո, որ երկրի մաս է կազմելու: Երբ սա ՄԱԿ-ի ԱԽ-ում է սա շատ կանխատեսելի է դառնում, որովհետեւ ՄԱԿ-ի ԱԽ-ն դեռ 1993-ին ընդունել է բանաձեւ, որտեղ ասվում է, որ՝ ա) «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան», բ)՝ ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Այս աղետն է տեղի ունեցել 2016-ին՛՛:

Վարչապետի խոսքով՝ աա կարեւոր է նրանով, որ եթե ԼՂ այդ կարգավիճակն արձանագրվում է, նշանակում է՝ նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի Սահմանադրության համաձայն:

Փաշինյանը պարզաբանեց, որ, ըստ էության, ԼՂ կարգավիճակը հարցը 2016-ին վերադարձվել է ՄԱԿ-ի ԱԽ տիրույթ:

Խոսելով այն մասին, թե արդյոք հիմա ա՞յդ փաստաթուղթն է սեղանին՝ նա ասաց. ՛՛Պատերազմից հետո մենք դեռ պետք է մոտենանք վերադառնանք, հասկանանք եւ օրակարգ ձեւավորենք: Համանախագահները վերջին անգամ օրակարգ են առաջարկել, որը մեզ համար ընդունելի է՛՛:

  • Կիսվել: