երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետն այսօր շրջայց են կատարել մարզի մի շարք շինհրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետն այսօր շրջայց են կատարել մարզի մի շարք շինհրապարակներում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր շրջայց են կատարել մարզի մի շարք շինհրապարակներում։
 
Կոմիտեի պատասխանատուներն ու մարզպետը նախ քննարկել են Շիրակի մարզում քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող կապիտալ շինարարական ծրագրերի ընթացքն ու արձանագրված թերացումների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
 
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ կոմիտեն հետևողական է լինելու՝ պատշաճ որակով և անհրաժեշտ ծավալով ավարտին հասցնելու իրեն վստահված ծրագրերը. «Մեր մոտեցումը հստակ է՝ որակի հարցում կոմպրոմիս չի լինելու, և այդ մասին հայտնել ենք շինարարական կազմակերպությունների ղեկավարներին։ Ծրագրերը համակարգելիս կոմիտեն ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի ամենասեղմ ժամկետներում խնդիրները բացահայտվեն և լուծվեն»։
 
Շիրակի մարզպետը կարևորել է, որ համագործակցված աշխատանքով հնարավոր լինի հասնել իրականացվող պետական ծրագրերում թերությունների վերացմանը և նոր մեկնարկող աշխատանքներում նման խնդիրների բացառմանը. «Շատ ուրախ եմ, որ Շիրակի մարզում եք, և կկարողանանք նորից լինել շինօբյեկտներում ու խոսել, լսել շինարարներին, դիտարկել բոլոր աշխատանքները, անել հնարավորը խնդիրների լուծման համար»։
 
Քննարկումից հետո պատասխանատուները եղել են մի շարք շինօբյեկտներում։ Բերդաշենում, Արեգնադեմում և Կապսում դիտարկել են դպրոցների մոդուլային շենքերի կառուցման, ինչպես նաև «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի շինաշխատանքները։

  • Կիսվել: