Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Մայր Աթոռը կամ հոգեւորականները մնացել են իրենց հավատքի մեջ հաստատո՞ւն եւ չե՞ն անցել հոգեւորականին բնորոշ սահմանը: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը՝ անդրադառնալով, որ վերջին օրերին ակտիվորեն թիրախավորում են հոգեւորականները, Մայր Աթոռը:
«Եթե դուք կարծում եք, որ հոտին պաշտպանելով առաջնորդություն են անում, ես կարծում եմ, որ ավելի շատ իրենք իրենց հոգեւոր ծառայության մեջ պետք է ավելի չխոտորվեն ճշմարիտ ուղուց, եթե իրենց հոտին են առաջնորդում, եւ չշփոթեն աշխարհիկ իշխանությունը հոգեւոր իշխանության հետ: Ես կարծում եմ՝ մեր հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից, ուղղակի իրականացնում են քաղաքական կուսակցական գործունեություն:
Իրենց մտահոգությունները հայտնելու, իշխանության հետ խոսելու բազմաթիվ հարթակներ, տարբերակներ կան, բայց ոչ անել հակապետական հայտարարություններ»,-ասաց նա:
Հարցին՝ Արշակ Սրբազանի անեծքը ո՞ւմ է վերագրել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չեմ լսել Արշակ Սրբազանի անեծքը եւ ընդհանրապես, աշխատում են նզովքի, անեծքի խոսքեր չլսել, որովհետեւ կարծում եմ՝ հոգեւորականը ավելի շատ պետք է օրհնություններ հնչեցնի, ոչ թե անեծքներ»:
Հերիքնազ Տիգրանյանը ցավով նկատեց, որ հոգեւորականությունն այս պահին ուղղակի օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից՝ մտածելով, որ ավելի շատ հետեւորդներ ունեն եւ ժողովուրդն ավելի կհետեւի հոգեւորականի խոսքին, քան քաղաքական գործչի: «Քաղաքական գործիչները, ոնց որ չեն կարողանում իրենց օրակարգն առաջ տանել: Առաջ են մղում սրբազանների, որոնց խոսքը գուցե տեղ կհասնի»,-ասաց նա: