հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հնարավորություն կստեղծվի ջրօգտագործողների՝ 85 հազար հեկտար հողատարածքներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց. նախագիծ․ «Փաստ»

Հնարավորություն կստեղծվի ջրօգտագործողների՝ 85 հազար հեկտար հողատարածքներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց. նախագիծ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Ջրային օրենսգրքում և «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում: «ՀՀ Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրերը ջրօգտագործողներին անհատույց մատակարարելու գործընթացի կարգավորումը կառավարության լիազորության շրջանակներին վերապահմամբ:

Գարնանը գետերի վարարումների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կանխարգելիչ միջոցառումների իրականացման, որոնցից հիմնականը ջրամբարներում և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներում կուտակված ջրային ռեսուրսների լիցքաթափումն է, նշված գործընթացը հիմնականում համընկնում է ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու ժամանակաշրջանին։ Սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված՝ դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում և հաճախ առաջանում է մակերևութային ջրային ռեսուրսների նվազում, որը կարող է հանգեցնել ջրային ռեսուրսի հյուծմանը։

Դրանով պայմանավորված տեխնիկական հնարավորությունների դեպքում անհրաժեշտություն է առաջանում բավարար ջրային ռեսուրս ունեցող գետավազանից կամ ջրավազանից ջրալրում կատարել և ջուրը տեղափոխել մեկ այլ տարածք։ Օրինակ՝ նշված գործընթացը հնարավոր է իրականացնել ոռոգման ժամանակաշրջանից դուրս ջրալրում կատարելով, առանց ջրօգտագործողներին ջուր մատակարարելու։ Առաջարկվում է նման դեպքերում կառավարությանը լիազորել կայացնելու որոշում՝ առանց ջրօգտագործման թույլտվության առկայության, գործընթացը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հետ համաձայնեցնելով, քանի որ նման իրավիճակում պահանջվում է հրատապ որոշումների կայացում և սահմանված ժամկետների առումով հնարավոր չէ պահպանել ջրօգտագործման թույլտվություն ստանալու ընթացակարգը։

Յուրաքանչյուր տարի, շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն, գետերի ջրհավաք ավազաններում բավարար ձնաշերտի առկայության, գարնանային ինտենսիվ տեղումների և վարարումների հավանականության դեպքում հնարավորություն կստեղծվի կառավարության որոշմամբ ջրօգտագործողների՝ 85 հազար հեկտար հողատարածքներին, որից շուրջ 45 հազար հեկտարը՝ Արարատի և Արմավիրի մարզերում, ոռոգման ջուր մատակարարել անհատույց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: