երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատարանը մերժել է ընդերքի տեսչականի բողոքը. ՍիվիլՆեթն ու «Թրանսփարենսին» հաղթել են դատը

Դատարանը մերժել է ընդերքի տեսչականի բողոքը. ՍիվիլՆեթն ու «Թրանսփարենսին» հաղթել են դատը

Վճռաբեկ դատարանը մերժել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, որ վերաբերում էր ՍիվիլՆեթի և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետ միասին գերատեսչությունից տեղեկություն ստանալու պահանջին։ Սա նշանակում է, որ պահանջվող տեղեկությունները տեսչական մարմնի կողմից ենթակա են տրամադրման։

ՍիվիլՆեթը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հետ 2021-ին դիմել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ պահանջելով տրամադրել 2018-ից մինչ 2021-ը մետաղական հանքերում տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում կազմված ակտերը։ Տեսչական մարմինը երկու անգամ հրաժարվել էր լրատվամիջոցին տրամադրել այդ տվյալները։ Այդ ակտերում են ամփոփված ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները, դրանց բնույթը, համապատասխանությունը ընդերքի օգտագործման պայմանագրերին և այլն։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, որ նախկինում հրապարակում կամ լրատվամիջոցներին տրամադրում էր ստուգման ակտերը, հրաժարվում էր դա կատարել՝ խորհուրդ տալով ստուգումների մասին տեղեկություններին ծանոթանալ իրենց հրապարակած հաշվետվություններում։ 2022-ին վարչական դատարանը բավարարել էր Սիվիլնեթի և «Թրանսփարենսիի» հայցը, պարտավորեցրել տեսչական մարմնին տրամադրել պահանջված տեղեկատվությունը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բողոքարկել էր վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, որը նույնպես մերժել էր տեսչական մարմնի հայցը։ Դրանից հետո նրանք դիմել էին Վճռաբեկ դատարան՝ Վերաքննիչի որոշումն ամբողջությամբ բեկանելու համար։ Տեսչական մարմինը նաև դատարանին ներկայացրել էր, որ իրավունքի զարգացման խնդիր կա ՀՀ-ում ստուգումների անցկացման մասին օրենքի և տեղեկատվության ազատության մասին օրենքի միջև։ Այնուհանդերձ, Վճռաբեկը մերժել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հայցը վարույթ ընդունել։ Սա նշանակում է, որ 2018-21 թվականներին մետաղական հանքերում իրականացրած ստուգումների արդյունքների մասին տեղեկությունները ենթակա են տրամադրման Սիվիլնեթին ու «Թրանսփարենսի ինթերնեշնլին»։

ՍիվիլՆեթի և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» շահերը վարչական դատարանում ներկայացնում էր «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը»՝ հանձինս Գենյա Պետրոսյանի, Էլինա Գյուրջյանի և Դավիթ Գյուրջյանի։

  • Կիսվել: