հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում

Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում

Անգամ «վիթխարի», «հսկայական» բառերը բավական չեն՝ բնորոշելու համար այն կառույցները, որ մեզ ներկայացրին այդ օրը: Ես բառեր չեմ գտնի արտահայտելու այն պաշտպանվածության զգացողությունը, որ այդ օրը զգացինք այնտեղ՝ առաջնագծում։ Այս մասին իր հարցազրույցում նշել է գրող-հրապարակախոս Կարինե Խոդիկյանը՝ ՊՆ-ի կողմից մտավորականների համար առաջնագիծ կազմակերպած այցից հետո։

Շարունակելով՝ նա նշել է. «Լինելով գրող՝ շատ էի ցանկանում գրել այդ ամենի մասին, բարձրաձայնել, սակայն մեզ բացատրեցին, որ պետք է խստորեն պահպանենք գաղտնիության ռեժիմը և շատ բաների մասին պարզապես չենք կարող խոսել հրապարակավ:

Այն, ինչ տեսա, իսկապես երևակայության սահմաններից դուրս էր։ Հենակետում ամրաշինական, ինժեներական աշխատանքներն իրենց մասշտաբներով աներևակայելի էին։ Իսկ ինչպիսի՜ խորագիտությամբ էին մեր ուղեկցորդները բացատրում մեզ ամեն ինչ և ի՜նչ տանտիրոջ հայացքով էին նայում այդ ամենին։ Իսկ մենք ի՜նչ հետաքրքրությամբ էինք դիտում ու լսում… Կարծեմ՝ ամեն մեկս մի քանի աչք պարտք էինք վերցրել ու այդպես էինք ուսումնասիրում մեր տեսածը։ Հնարավորություն ունեցանք ծանոթանալու զորանոցներին, նաև՝ խոհանոցային բաժնին, և ես, որպես խոհարարական հարցերում այսպես ասած՝ գիտակ մարդ, մանրամասն ծանոթացա օրապահիկներին, դրանց որակին ու բազմազանությանը։ Շատ տպավորված եմ։

Այնուհետև սարերի միջով ուղևորվեցինք դեպի երկրորդ հենակետը և այդտեղ հասկացանք, թե ինչպես է կառուցվում այդ իրապես հզոր կառույցը։ Մեզ՝ պատերազմի աղետ ու ավեր տեսած մարդկանց համար, սա իսկական սրտի բալասան էր։ Այս պահին, երբ խոսում եմ, գիտեմ, որ նման լայնամասշտաբ ամրաշինական աշխատանքներ շարունակում են իրականացվել մեր հանրապետության բոլոր կենսական նշանակության սահմանագոտիներում, և շնորհակալության զգացումով եմ լցված: Այսքանը՝ հակիրճ ու հպանցիկ այդ օրվա տպավորություններիս մասին»։

  • Կիսվել: