հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արարատ Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց

Արարատ Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց

Մեկնարկել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ներկայիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով դատական նիստը։ Գրում է aysor.am-ը։ 

Դատարանում այսօր հարցաքննվեց Արարատ Միրզոյանի անվտանգության պետ Արմեն Վարդանյանը, պատմեց, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը ինչ է տեղի ունեցել։

«Ես հրահանգ տվեցի, որ Արարատ Միրզոյանի հետ ԱԺ-ից դուրս գանք, մինչ այդ, մարդ էի ուղարկել, որ Միրզոյանի տիկնոջն ու երեխային դաչայից հանեին, բայց ստացվեց այնպես, որ Միրզոյանը հեռախոսազրույց ունեցավ կնոջ հետ ու որոշեց, որ պետք է գնա դաչա, ասացի՝ պարոն Միրզոյան, պետք է ուրիշ տեղ գնանք, չի կարելի այնտեղ գնալ, սակայն դրվածքն այնպիսին էր, որ պետք էր գնալ։ Ասացի՝ մի րոպե սպասենք, «մարշրուտը» ճշտենք, տեսնենք Դեմիրճյան-Պռոշյան հատվածը բա՞ց է, թե՞ չէ։ Ասացին՝ մինչև դաչա մաքուր է, Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի վրա շատ շուտ մեքենան կանգնում է, որովհետև հետևից մեքենաներ էին գալիս, այնքան շատ շուտ այդ ամենն եղավ, որ չեմ կարող ասել՝ հինգ հարյո՞ւր, թե՞ հազար հոգի էին, մեքենան արդեն չուներ հնարավորություն՝ շարժվելու»,- պատմեց նա։

ՊՊԾ աշխատակիցը հասկացել է, որ «վիճակը թեժանում է», սկսել են մեքենան «ճոճել», ապակին է կոտրվել ու մեկ հոգի ներխուժել է մեքենա ու հարվածել Միրզոյանին։

«Հրաման տվեցի չկրակել, այդ հրամանը տվել եմ՝ ելնելով ներքաղաքական իրավիճակից։ Տղաներիս հրաման տվեցի՝ մեքենան շրջապատեն, լինեն կողքս, Արարատ Միրզոյանը դուրս է գալիս։ Ասեմ, որ մեքենան զրահապատ չէր, մեքենան փոխել էինք, որ քիչ ֆիքսվի, չերևա։ Դրանից հետո ժողովուրդը հարձակվեց մեր վրա, ու Արարատ Միրզոյանը վազեց, այդ ընթացքում հարվածներ են հասցնում, հետո փորձում եմ իրեն փակել ու տանել դեպի մեքենա»,- նշեց Վարդանյանն՝ ընդգծելով՝ ամեն ինչ անկառավարելի էր ու շատ բարդ։

Նա դատարանին ասաց, որ կոչերի հիմնական մասն այսպիսին էին՝ «ծեծեք, ջարդեք»։ Նա սպանելու վերաբերյալ կոչեր չի լսել։

Վարդանյանն ասաց, թե տեսել է, որ Միրզոյանին հարվածել են ոտքերով, դատախազի հարցին՝ այլ առարկայով հարվածներ եղե՞լ են, պատասխանեց՝ չի տեսել։

ՊՊԾ աշխատակիցը ակցիայի մասնակիցների դեմքերը չի ֆիքսել, չի ֆիքսել, որ «ժիլետով» մարդիկ եղել են։

Դատախազը հայտարարեց, որ նախաքննության ընթացքում վկան, իր գնահատմամբ, տվել է այլ ցուցմունք։

«Նշել է, որ բացի ոտքով՝ հարվածել են նաև մահակներով, նաև նշել է, որ դեպքի ողջ ընթացքում հնչել են սպանության կոչեր»,- ասաց դատախազը։

Վարդանյանն էլ հայտարարեց՝ չէր հիշում, հիմա պնդում է՝ տեսել է «բիտա»։

«Իսկ սպանության կոչե՞ր»,- հետաքրքրվեց դատախազը։

«Կոչեր եղել են, բայց ինձ ճիշտ հասկացեք՝ ես չեմ ֆիքսել ինչ-որ մեկին, սպանելու կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ տեսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել, ես լսել եմ կոչեր, բայց անձամբ ինչ-որ մեկին չեմ տեսել»,- նշեց ՊՊԾ աշխատակիցը։

Նա ասաց նաև, որ տեսել է մարդկանց, ովքեր ասել են՝ «մի սպանեք, մի խփեք»։

  • Կիսվել: