երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Հարավային Աֆրիկայի նորանշանակ դեսպանին

Սարգիս Խանդանյանն ընդունել է մեր երկրում Հարավային Աֆրիկայի նորանշանակ դեսպանին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 17-ին ընդունել է մեր երկրում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շոայբ Կասուին (նստավայրը` Կիեւ):

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն իր առաքելության ընթացքում:

Խոսելով երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին` հանձնաժողովի նախագահն առաջարկել է այդ գործընթացը սկսել համանուն հանձնաժողովների միջեւ համագործակցությունից:

Սարգիս Խանդանյանը դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը, մարտահրավերները, խոսել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի, այդ թվում` «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Շոայբ Կասուն նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կնպաստի երկկողմ կապերի զարգացմանը: Ներկայացնելով սեփական երկրի պատմությունը` դեսպանն ընդգծել է, որ խաղաղություն տանող ճանապարհը դժվար է եւ միայն կողմերի միջեւ երկխոսությամբ է հնարավոր հասնել խաղաղության:

  • Կիսվել: