ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այլ երկրի շահերը սպասարկող որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ, ակտիվորեն զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով. Պալյան

Այլ երկրի շահերը սպասարկող որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ, ակտիվորեն զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով. Պալյան

Այն գործընթացը, որն իրակացվում է մեր երկրում վերջին օրերին, իսկապես պատմական իրադարձություն է: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։

Նրա խոսքով՝ այս կարևոր ու պատմական իրադարձություններին զուգահեռ՝ այլ երկրի շահերը սպասարկող որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ, ակտիվորեն զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով, դրսից նման հանձնարարական ունեն։

Պատգամավորը, մասնավորապես, նշեց. «Ուղղորդված այս շարժումը ղեկավարում է Տավուշի թեմի առաջնորդ, միևնույն ժամանակ, ըստ մամուլի հրապարակած տվյալների, բիզնեսմեն Բագրատ Սրբազանը։ Մարդ, ով հայ-ադրբեջանական սահմանին տեղադրված առաջին սահմանային սյունն անվանում է Հայաստանի գերեզմանի առաջին քար։ Պարո'ն Բագրատ, Հայաստանի գերեզմանի առաջին ու վերջին քարերը դրել են այն մարդիկ, ում դուք այսօր սատարում եք, Հայաստանի գերեզմանի քարերը դրել ու ուզում են շարունակել դնել այն մարդիկ, ումից դուք այսօր ֆինանսավորվում եք և ում պատվերը կատարում եք դուք ու ձեր քաղաքականացված հոգևոր ընկերները։

Իսկ այսօրվա կառավարությունն այդ դրված քարերն է հեռացնում և ջանք ու եռանդ չի խնայում ամուր սահմաններով պետություն ստեղծելու ու պահպանելու համար։

Շիրակի թեմի առաջնորդն էլ ասում է՝ նախադրյալներ կան, որ բողոքի ալիքը կտարածվի Հայաստանով և հանգուցալուծումը կլինի այնպես, ինչպես մենք ենք ուզում։

Իսկ միգուցե մեկ անգամ ազնիվ գտնվեք ու ասեք, թե ո՞րն է ձեր ուզած ավարտը։ Կանգնեք և ասեք, որ ձեր կողմից այդքան սպասելի ավարտը Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելն է։

Մի արեք քայլեր, որոնք Աստծուն հաճելի չեն, իսկ մինչ այս արած քայլերի համար Աստծուց ներում հայցեք։ Եկեղեցականի դերն աշխարհին, երկրին խաղաղություն քարոզելն է, ոչ թե պատերազմ հրահրելն ու հեղաշրջման փորձեր անելը։

Ի վերջո կողմնորոշեք պարոնայք՝ դուք հոգևորակա՞ն եք, բիզնեսմե՞ն, թե՞ քաղաքական գործիչ»:

  • Կիսվել: