չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վարչապետը ՀԾԿՀ-ից և ՄՊՀ-ից աշխատանքի նոր տեմպ է ակնկալում

Վարչապետը ՀԾԿՀ-ից և ՄՊՀ-ից աշխատանքի նոր տեմպ է ակնկալում

Կառավարության մարտի 7-ի նիստին առաջին անգամ նախարարի կարգավիճակով մասնակցում էր էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ազգային ժողովի վերջին լիագումար նիստին վերընտրվել էին իրենց պաշտոններում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրանց, ասաց, որ մանրամասն քննարկումներ են ունեցել, ապա նշեց, որ հատկապես հանձնաժողովներից աշխատանքի նոր տեմպ է ակնկալում:

«Հանձնաժողովների մասով ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել սպառողների իրավունքների պաշտպանության խնդրին, որը մենք արձանագրեցինք և՛ ՀԾԿՀ-ի հետ կապված քննարկումներում, և՛ ՄՊ հանձնաժողովի հետ կապված քննարկումներում, նաև արձանագրեցինք, որ շատ օրինական ընթացակարգեր ֆորմալ գոյություն ունեն և կիրառվում են, բայց իրադրությունների վրա ազդեցություն ունենալու առումով երբեմն առարկայական չեն. սա էլ պետք է մտածել»,- ասաց վարչապետը և հավելեց, որ ակնկալում են, որ 2 հանձնաժողովների նախագահները շատ սերտորեն կաշխատեն Ազգային ժողովի հետ:  

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ ունի համապատասխան պայմանավորվածություն՝ աշխատելու ԱԺ-ի հետ, նաև որոշել են ավելի հաճախակի հաշվետվություններ ներկայացնել և քննարկել, որպեսզի դրանց համապատասխան օրենսդրական լուծումներ տրվեն:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ ԱԺ-ի պատկերացումները սպառողների շահերի պաշտպանության ոլորտում համընկնում են Կառավարության պատկերացումների հետ, և որ այժմ եվրոպական գործընկերների հետ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է կատարվում:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծեց, որ ինչպես մնացած բոլոր ոլորտներում, Կառավարությունը որդեգրել է առաջնորդության տեսլական, տնտեսական քաղաքականության ոլորտում ևս փորձելու են առաջնորդությունը վերցնել ձեռքը և տանել առաջ:

  • Կիսվել: