երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին

Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին

Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. Եթե իրենցից մեկը կա, որ մտածում է, որ էս երեխեքի գործը պետք է փակի, գնա, չարաչար սխալվում է. մենք մինչեւ վերջ գնալու ենք: Այս մասին, այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց զինվորական կացարանի հրդեհից մահացած Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

«Ուզեն-չուզեն, պետք է բացահայտեն: Իրենք չբացահայտեն, իրենցից հետո եկողը կբացահայտի: Ու ես իրանց հերը կանիծեմ մի ուրիշ ձեւով, որ իրենց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, իրանք տարան, կերան։ Էնքան չկան իրանք, որ էդ գործը բացահայտեն զուտ ծնողի խղճի հանգստության համար։

Մինչև ամսի 10-ը ժամանակ ենք տալիս, որ կալանքի տակ վերցնեն ում որ պետք ա։ Ես անուններով կարող եմ ասել, բայց որոշ բաներ հաշվի առնելով՝ անուններով չեմ ասում:

Եթե ամսի 10-ի դատին մենք գնացինք ու իմացանք, որ քրեական հետապնդում չեն հարուցել տվյալ մարդկանց նկատմամբ, մեզ կմիանան նաև մնացած բոլոր ծնողներն ու հարազատները, ու, մեղմ ասած, անհարմարություն ենք ստեղծելու իրանց համար: Թող խելքները գլուխները հավաքեն: 15 երեխեքի սպանությունը անհայտ պայմաններում խաղ ու պար չի, որ փակեն, գնա»,-ասաց զինծառայողի հայրը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

 

  • Կիսվել: