երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
535 հաստատված հայտ. պետական ֆինանսավորմամբ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագրի պահանջարկը մեծացել է

535 հաստատված հայտ. պետական ֆինանսավորմամբ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու ծրագրի պահանջարկը մեծացել է

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության կողմից արդեն կա շահառուի 535 հաստատված հայտ։  Նշվածից 288 հայտի պարագայում արդեն իրականացվում է վարկավորման փուլը և շուտով կլինեն շահագործման հանձնված տներ։ Հաստատված հայտերն, ըստ մարզերի, բաշխվել են հետևյալ կերպ՝ Արարատի մարզում հաստատվել է 67 շահառուի հայտ, Գեղարքունիքի մարզում՝ 24, Սյունիքի մարզում 71, Վայոց ձորի մարզում 67, առաջատարը Տավուշի մարզն է, այստեղ հաստատվել է 306 ընտանիքի հայտ։ Ծրագրի շահառուները հնարավորություն ունեն հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։

Մեկնարկային փուլի համեմատ տարեսկզբից նկատվում է ծրագրի նկատմամբ բավական հետաքրքրություն։ Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ մարզային այցերի ընթացքում քաղաքացիների արձագանքը, նրանցից ստացված զանգերը խոսում են այն մասին, որ գնալով պահանջարկը մեծանում է։ Թերևս, պահանջարկով պայմանավորված՝ կառավարությունը որոշում կայացրեց ծրագրի ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ծրագիրը բարելավելու համար օրերս կատարվել են մի քանի փոփոխություններ ևս։

«Ծրագրի պարտադիր պայման է, որ շահառուներն ունենան գրանցված ամուսնություն։ Եթե նախկինում հաշվի էր առնվում միայն Հայաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը, ապա նոր փոփոխությամբ հաշվի է առնվում նաև օտար երկրում գրանցված ամուսնությունը։ Այս դեպքում անհրաժեշտ է ամուսնության վկայականի նոտարական վավերացմամբ թարգմանություն, հյուպատոսական վավերացում»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է բավարարել երկու պայմանի՝ ունենալ գրանցված ամուսնություն, և ամուսիններից առնվազն մեկն ունենա ՀՀ քաղաքացիություն։ Վերջիններս կարող են ծրագրից օգտվել, եթե ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրում, շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, նախագիծ/նախահաշիվ։ Ի դեպ, Քաղաքաշինության կոմիտեի կայքում կան նախատիպային նախագծեր և քաղաքացիները կարող են օգտվել նաև այդ տարբերակից։  Գայանե Ղարագյոզյանը հիշեցրեց, որ ծրագրի շահառու դառնալ ցանկացող քաղաքացիները նաև պետք է չունենան վատ վարկային պատմություն։

Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ծրագրից կարող են օգտվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները, եթե ամուսիններից առնվազն մեկն ունի ՀՀ քաղաքացիություն։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից արդեն հայտեր ստացվում են։

Մինչ այժմ կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում ծրագրից օգտվելու համար դիմում են երիտասարդ, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներ։

  • Կիսվել: