չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակը կնշվի հոբելյանական միջոցառմամբ

Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակը կնշվի հոբելյանական միջոցառմամբ

 Կինոգործիչները և հայ կինոյի երկրպագուներն ապրիլի 29-ին տոնում են հայկական կինոյի վարպետներից մեկի՝ Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ վարպետի 100-ամյակը նշելու են հոբելյանական երեկոյով, որը տեղի կունենա ապրիլի 29-ին Կինոյի տան մեծ դահլիճում:

Երեկոն լի է լինելու անակնկալներով, բազմաթիվ հետաքրքիր հյուրերով, վարպետի կտավներով, ֆիլմերով, նրա անմիջական խոսքով և հումորով: Կինոյի տան ճեմասրահում կներկայացվեն Վալենտին Պոդպոմոգովի լուսանկարները, նրա ստեղծած ֆիլմերի և ներկայացումների դեկորացիաների էսքիզները, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հավաքածուից, ինչպես նաև իր ձեռքերով պատրաստած մեխանիկական սարքերը:

Երեկոյի սցենարի հեղինակը և հաղորդավարը հեռուստամեկնաբան Կարեն Քոչարյանն է, բեմադրող ռեժիսորը Նիկոլայ Դավթյանն է, նկարիչը՝ Շամիր Շահիրյանը:

Պոդպոմոգովը հայ կինոյի այն բազմատաղանդ գործիչներից է, որը իրավամբ մեծ ավանդ ունեցավ ինչպես խաղարկային կինոյի, այնպես էլ հայկական մուլտիպլիկացիայի զարգացման գործում:

Պոդպոմոգովի հեղինակած գործերն առ այսօր իր ուրույն ձեռագրի, մեծ գեղագիտության լավագույն վկայությունն են, որ ժամանակի հետ ավելի ու ավելի են ընդգծում դրանց արժեքը:

Նրա ուրույն հեղինակային ձեռագիրը արտահայտվել է խաղարկային ու մուլտիպլիկացիոն այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կախարդական գորգ», «Մի կաթիլ մեղր», «Փարվանա», «Պույ-պույ մկնիկը», «Լուր դա լուր», որպես բեմադրող նկարիչ՝ «Առաջին սիրո երգը», «01-99» և այլն:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ընտանիքին, կինոգործիչներին և հայ հանդիսատեսին հոբելյանի առիթով:

Պոդպոմոգովին նվիրված միջոցառումը տեղի կունենա Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ:

  • Կիսվել: