Իսրայելը մտահոգված է ՄՔԴ-ի կողմից երկրի ղեկավարների նկատմամբ ձերբակալման հնարավոր հրամանների առնչությամբ․ Reuters
Իսրայելը մտահոգություն է հայտնել այն տեղեկությունների առնչությամբ, որ Միջազգային քրեական դատարանը կարող է երկրի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու հրաման տալ՝ կապված Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ՄՔԴ-ն, որը կարող է անձանց մեղադրել ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության մեջ, հետաքննում է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հոկտեմբերի 7-ի հարձակումն Իսրայելի վրա, որի հետևանքով 1200 մարդ է զոհվել, և Իսրայելի ավերիչ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, որի զոհերի թիվը գերազանցել է 34 400-ը։
Իսրայելի լրատվամիջոցներում օրերս տարածվել էին տեղեկություններ, որ ՄՔԴ-ն կարող է շուտով երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման հրամաններ տալ Գազայի հատվածում միջազգային մարդասիրական օրենքի հնարավոր խախտումների համար։ Երկրի արտգործնախարար Իսրայել Կացը ապրիլի 28-ին ՄՔԴ-ին նման որոշում կայացնելուց զերծ մնալու կոչ է արել։
Ավելի վաղ Նեթանյահուն էր հայտարարել, որ ՄՔԴ-ի նման որոշումը չի ազդի Իսրայելի գործողությունների վրա, սակայն «վտանգավոր նախադեպ կդառնա»։