Վինիսիուսն առաջին անգամ խոսել է «Ռեալ»-ի հետ պայմանագիրը թարմացնելու մասին
Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է իսպանական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ Կողմերի միջև կնքված նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2032 թվականի ամառ։
«Ութ տարի «Բեռնաբեուում» այնքան քիչ է… Եվս վեց տարի և ընդմիշտ «Ռեալ Մադրիդ»»,- սոցցանցերի իր էջերում գրել է բրազիլացի աստղը։
Հետաքրքրական է, որ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ պաշտոնական գրառումից առաջ վինգերը սոցցանցերի իր էջերից հեռացրել էր «Ռեալի» մասին բոլոր հիշատակումները, ինչը որոշակի ինտրիգ և անհանգստություն էր առաջացրել երկրպագուների շրջանում: Սակայն այժմ բոլոր հարցերը ստացել են իրենց պատասխանները։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը «Ռեալի» գույները պաշտպանում է 2018 թվականի ամառվանից։ Տաղանդավոր ֆուտբոլիստը Մադրիդ էր տեղափոխվել բրազիլական «Ֆլամենգոյից»՝ 45 մլն եվրոյի դիմաց։ Ավարտված մրցաշրջանում նա «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 53 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։



