շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարկանիշ ձեռք բերած մարզիկների սպորտային նպաստը հունվարի 1-ից կբարձրանա․ նախագիծ

Վարկանիշ ձեռք բերած մարզիկների սպորտային նպաստը հունվարի 1-ից կբարձրանա․ նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է նախագիծ, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից վարկանիշ ձեռք բերած մարզիկների սպորտային նպաստը 300 000 դրամի փոխարեն կռառնա 600 000 դրամ: Նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։

Նախագծի համաձայն դադարեցվում է պատանիների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ավագ և երկրորդ մարզիչներին նպաստի տրամադրումը: Երիտասարդների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ավագ, երկրորդ և անձնական մարզիչներին նպաստի տրամադրումը իրականացվելու է միայն հունա-հռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ և բռնցքամարտ մարզաձևերում:

«Հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ և բռնցքամարտ մարզաձևերում երիտասարդների հավաքական թիմերի մարզիչներն ընդգրկված են սպորտային նպաստի շահառուների ցուցակում, քանի որ նրանք մշտապես մարզումներ են անցկացնում հավաքական թիմերի մարզիկների հետ օլիմպիական քառամյա փուլի ընթացքում և հիմա էլ ունենում են իրենց մարզական, մարզչական ներդրումը հավաքական թիմերի մարզումային գործընթացում»- նշված է հիմնավորման մեջ։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի № 985-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը մշակվել է, քանի որ երիտասարդների հավաքականների մարզիկները այլևս ձեռք չեն բերելու «Փարիզ 2024» օլիմպիական խաղերի վարկանիշ, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել կատարել այլ փոփոխություններ:

Ներկայումս գործող Որոշման համաձայն՝ «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով տրամադրվող սպորտային նպաստի շահառու են նաև աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկները:

Սույն նախագծով դադարեցվում է տվյալ մարզիկների սպորտային նպաստի տրամադրումը։ Ներկայացվող նախագծով կատարվող փոփոխությունների հիմքը հանդիսանում է «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվող մեծահասակների հավաքականների մասնակցությունը տարբեր մարզաձևերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և վարկանիշային մրցումներին:

Հաշվի առնելով այն, որ հավաքականները ավարտել են իրենց մասնակցությունը օլիմպիական վարկանիշային մրցաշարերին՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխությունը: Նախագծով սահմանվում է նաև, որ նպաստի շահառու հանդիսացող մարզիկները նպաստը ստանում են մինչև տվյալ մարզաձևերի վարկանիշային մրցաշարերի ավարտի ամսաթվին հաջորդող ամսվա մեկը, եթե նրանք վարկանիշ չեն ձեռք բերել:

  • Կիսվել: