շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վաղվա խաղը կարևոր է, կներկայանանք ուժեղ կազմով․ Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Վաղվա խաղը կարևոր է, կներկայանանք ուժեղ կազմով․ Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մամուլի ասուլիս է անցկացրել՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի հավաքականի հետ պատասխան խաղից առաջ։ Ֆրանսիացի մասնագետը նշել է, որ կազմում որոշ փոփոխություններ կլինեն՝ պայմանավորված թիմում առկա բարձր մրցակցությամբ, սակայն հիմնական նպատակը մնում է հաղթանակը։

«Լոչոշվիլիի վնասվածքը լուրջ չէ, բայց նա վաղը չի խաղա, որպեսզի լիովին ապաքինվի։ Տակտիկական մեծ փոփոխություններ չեն սպասվում։ Գուրամ Կաշիան վերադառնում է, նա պրոֆեսիոնալ է և հեշտությամբ կհարմարվի։ Պաշտպանությունում շարունակելու ենք խաղալ այնպես, ինչպես Հայաստանում: Թիմում մոտիվացիայի խնդիր չկա, բայց որոշ խաղացողներ իրենց ուժերն ապացուցելու հնարավորություն կստանան։ Մրցակցությունը մեծ է, և բոլորը գիտեն, որ պետք է տան առավելագույնը»,- ասել է Սանյոլը։

 

Նա հավելել է, որ դարպասապահի դիրքում վաղը կխաղա Մամարդաշվիլին, սակայն հետագայում հնարավորություն կտրվի Գուգեշաշվիլիին, իսկ երիտասարդ Լացաբիձեն ապագայում կդառնա թիմի մաս։ «Չնայած Երևանում 3:0 հաշվով հաղթանակին՝ վաղվա խաղը կարևոր է, և մենք դաշտ դուրս կբերենք ուժեղ կազմ»,- ընդգծել է մարզիչը։

 

Սանյոլը գովել է թիմի մթնոլորտն ու առանձնացրել Իրակլի Ազարովի և Սաբա Գոգլիչիձեի առաջընթացը։ Նա նաև ուրախություն է հայտնել Խվիչա Կվարացխելիայի՝ Իտալիայում թողած հետքի և վրացի ֆուտբոլիստների հաջողությունների կապակցությամբ։

Հիշեցնենք, որ Վրաստանը Երևանում 3:0 հաշվով հաղթել էր Հայաստանին՝ գրեթե ապահովելով իր տեղը B դիվիզիոնում։ Թիմերը պատմության ընթացքում 8 անգամ են հանդիպել՝ 4 հաղթանակ է տարել Վրաստանի ընտրանին, 2 խաղ ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով, 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Պատասխան խաղը կկայանա մարտի 23-ին, «Դինամո Արենայում», ժամը 18:00-ին։

  • Կիսվել: