կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վաղվա խաղում ակնհայտ ֆավորիտ է Հայաստանը․ Լատվիայի հավաքականի մարզիչ

Վաղվա խաղում ակնհայտ ֆավորիտ է Հայաստանը․ Լատվիայի հավաքականի մարզիչ

Ֆուտբոլի Լատվիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դայնիս Կազակեւիչսը եւ հավաքականի ավագ Ռոբերտս Սավալնիեկսը  նախախաղային ասուլիսում խոսել են Հայաստանի դեմ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2024-ին ընտրական մրցաշարի չորրորդ տուրում։

«Հայաստանի հավաքականը մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ մեծ առաջընթաց է ապրել, ինչը երեւաց վերջին երկու խաղերում՝ Թուրքիայի եւ Ուելսի դեմ։ Ինձ դուր է եկել, թե ինչպես են ֆուտբոլիստները համագործակցում միմյանց հետ խաղերի ընթացքում։

Եթե օբյեկտիվ լինենք, վաղվա խաղում ակնհայտ ֆավորիտ է Հայաստանը, որովհետեւ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ավելի բարձր տեղ է զբաղեցնում, բացի այդ տանն է խաղում, բայց ֆուտբոլում ամեն ինչ սկսվում է խաղադաշտում 0։0 հաշվից։ Վաղվա խաղի հաշիվը ցույց կտա, թե ով էր այս խաղի ֆավորիտը։

Թուրքիայի խաղից հետո կարողացել ենք քնել միայն առավոտյան, ապա մեկնել ենք Հայաստան։ Վերականգնողական մարզումներ անցկացրել ենք Երեւանում, հյուրանոցում։ Այսօրվա մարզումից հետո պարզ կլինի, թե մեր թիմն ինչ վիճակում է ֆունկցիոնալ առումով

Երկու խաղ ենք անցկացրել եւ կրել երկու պարտություն։ Հայաստանի դեմ խաղից առաջ շատ մեծ սթրեսի մեջ չենք։ Ներքուստ բավականին մոտիվացված ենք, ճնշում չունենք մեզ վրա եւ գիտենք՝ ինչպես պատրաստվել վաղվա խաղին»,- ասաց Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչը։

Լատվիայի հավաքականի պաշտպան Ռոբերտս Սավալնիեկսի խոսքով, Հայաստանի հավաքականը ուժեղ է, հատկապես հարձակման գծում։

«Թուրքիայի հետ խաղում մեր խնդիրները պաշտպանությունում էին։ Կարծում եմ՝ դասեր քաղաքած կլինենք եւ վաղվա խաղում կշտկենք մենք սխալները։ Այդ պարտությունից հետո բարդ էր քնելը։ Կփորձենք լավագույն կերպով պատրաստվել վաղվան։

Հայաստանը ուժեղ թիմ է, ինչը երեւաց, հատկապես, Ուելսի հետ խաղում։ Հայաստանի հավաքականը ուժեղ է, մասնավորապես, հարձակման գծում, բայց դա ոչինչ չի նշանակում։ Վաղը մենք դուրս ենք գալու խաղադաշտ կռիվ տալու»,- նշեց Լատվիայի հավաքականի ավագը։

 Հայաստան - Լատվիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 19-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Մրցաշարային դրություն․ Թուրքիա՝ 6 միավոր, Ուելս՝ 4, Խորվաթիա (2 խաղ,)` 4, Հայաստան (2 խաղ)՝ 3, Լատվիա՝ (2 խաղ)՝ 0:

  • Կիսվել: