երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուզում էի անել ավելին՝ իմ ազգին ավելի շատ ուրախացնելու համար, բայց չստացվեց. Ռաֆիկ Հարությունյան

Ուզում էի անել ավելին՝ իմ ազգին ավելի շատ ուրախացնելու համար, բայց չստացվեց. Ռաֆիկ Հարությունյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով՝ ինքն ունակ է ավելին անել:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես շատ մեծ դժվարությամբ եմ հասել այստեղ, քանի որ լուրջ վնասվածքներ ունեի: Երկու մրցաշար բաց էի թողել և չգիտեի, թե ինչպես կմասնակցեի այս առաջնությանը: Չէի սպասում, որ այսպես կլինի: Ավելի լավին էի սպասում, նույնիսկ մտածում էի, որ կարող եմ հաղթել, բայց չստացվեց, ինչի համար զղջում եմ՛՛:

Մարզիկը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին աջակցության համար՝ ասելով. ՛՛Ուզում էի անել ավելին՝ իմ ազգին ավելի շատ ուրախացնելու համար, բայց չստացվեց՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանն այսօր Երևանում ընթացող Եվրոպայի 101-րդ առաջնության տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում երեք փորձից բարձրացրեց 150 կգ: Այս ձևում հայ մարզիկը 4-րդն էր:

Հրում վարժությունում նա բարձրացրեց 183 և 187 կգ: Այս վարժությունում Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ: Իսկ երկամարտի 337 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է:

 

  • Կիսվել: