ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ծանրամարտի ԵԱ․ Մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը

Ծանրամարտի ԵԱ․ Մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 21-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Մրցահարթակ դուրս կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 22-ամյա Գոռ Սահակյանը 71 կգ քաշային կարգում:

Այս քաշային կարգում մեդալի համար կպայքարի 10 ծանրորդ: Գոռ Սահակյանի նախնական հայտը երկամարտում 340 կգ է, որն ամենաբարձրն է: 335 կգ են պատվիրել թուրք Յուսուֆ Գենչը եւ ռուս Յիգոր Պապովը:

A խմբի մրցումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Գոռ Սահակյանը 2018 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2021 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն, 2022 թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2022 թ. Եվրոպայի Մ20 չեմպիոն:

Մեծահասակներում նորամուտը նշել է 2023 թ. ապրիլին Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում, որտեղ 67 կգ քաշայինների պայքարում երկամարտի 370 կգ արդյունքով հռչակվեց չեմպիոն (145+175):

2023 թ. սեպտեմբերին Սահակյանն առաջին անգամ մասնակցեց նաեւ մեծահասակների աշխարհի առաջնությանը: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած առաջնությունում երկամարտի 312 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ (142 +170):

2024 թ. Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը երկրորդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ 67 կգ քաշային կարգում Սահակյանը երկամարտում հավաքեց 311 կգ (140+171)։

Հոկտեմբերին Լեհաստանում անցկացված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում երկամարտի 320 կգ արդյունքով (140+180 կգ) նվաճեց ոսկե մեդալ:

2024 թ. Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունում 73 կգ քաշայինների պայքարում Սահակյանը երկամարտում գրանցեց 331 կգ արդյունք (146+185) եւ պայքարն ավարտեց 8-րդ տեղում:

2025 թ. ապրիլին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացված Եվրոպայի առաջնությունում 73 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը երկամարտի 338 կգ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը (153+185):

2025 թ. հոկտեմբերին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում Գոռ Սահակյանը պոկում վարժությունում 154 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ, սակայն հրում վարժությունում չկարողացավ բարձրացնել պատվիրած քաշը՝ 182 կգ եւ երկամարտում արդյունք չգրանցեց։

Հայաստանի առաջին մեդալը Բաթումիում անցկացվող Եվրոպայի առաջնությունում նվաճել է Գառնիկ Չոլակյանը: 60 կգ քաշայինների պայքարում Չոլակյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Երկամարտում նա հավաքեց 274 կգ (124+150): Կանանց հավաքականից Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ) երկամարտի 210 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ (91+119):

Հայասստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը մասնակցում են 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին:

Հակոբ Փիլոսյանի գլխավորած հավաքականի կազմում Բաթումիի մրցահարթակում մասնակցում են նաեւ Մարտին Պողոսյանը (79 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ), Արա Աղանյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը եւ Գարիկ Կարապետյանը (երկուսն էլ՝ 110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած հավաքականի կազմում Բաթումիի մրցահարթակում կանանց մասնակցում են նաեւ Աննա Ամրոյանը եւ Ալինա Սուքիասյանը (77 կգ), Էմմա Պողոսյանը եւ Լիանա Գյուրջյանը (86 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (+86 կգ):

  • Կիսվել: