հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պատմել է իր արցախյան արմատների մասին

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պատմել է իր արցախյան արմատների մասին

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանի ընտանիքը Լեռնային Ղարաբաղից է, և ընտանիքում առավելապես հայերեն են խոսում: Այս մասին Ավանեսյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին։
 
«Ինձ դիմում են հայերեն, և ես պատասխանում եմ ռուսերեն, իսկ երբեմն՝ հայերեն»,-պատմեց թենիսիստուհին:
Ավանեսյանը նշեց, որ հայերեն հասկանում է, բայց դեռ այնքան էլ վստահ չի խոսում: Խոստացավ հաջորդ ասուլիսի ժամանակ մայրենի լեզվով խոսել։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք արցախցի երեխաների հետ վարպետության դաս անցկացնելու որոշումը կապված է նրա ծագման հետ, Էլինան նշեց, որ այդ գաղափարն իրենը չէ, բայց ինքը լիովին աջակցում է դրան:
«Ես շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն ունեմ»,-ասաց նա:
Հատկանշական է, որ ասուլիսի կազմակերպիչների որոշմամբ այն անցկացվում էր անգլերեն։ Իսկ մարզուհին նաև Արցախի բարբառի իր իմացությունը ցուցադրեց՝ բարբառով շնորհակալություն հայտնելով հավաքվածներին:

  • Կիսվել: