չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սերյոժա Բարսեղյանն ու Ժորա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ

Սերյոժա Բարսեղյանն ու Ժորա Գրիգորյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողներ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներն արդեն 4 մեդալ են նվաճել:

Մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոն Սերյոժա Բարսեղյանը հաղթողի կոչումը նվաճել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 278 կգ (131+147) արդյունքով՝ պոկում և հրում վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալների:

Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է նաև Ժորա Գրիգորյանը: Մինչև 17 տարեկանների պայքարում 61 կգ քաշային հայ ծանրորդը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 244 կգ (109+135) արդյունքով: Պոկում վարժությունում Գրիգորյանը փոքր բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ փոքր ոսկե մեդալ է նվաճել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 14-ամյա Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 87 կգ (40+47) արդյունքով զբաղեցնելով երրորդ տեղը: Հրում վարժությունում Ամրոյանը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել:

Ավելի վաղ պատանեկան ԵԱ-ում բրոնզե մեդալակիր էր դարձել 49 կգ քաշային Կառլեն Դավթյանը:

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը կավարտվի հուլիսի 10-ին:

  • Կիսվել: