հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ռոնալդուի և Բատրակովի միջև Տալալաևն ընտրել է Սպերցյանին

Ռոնալդուի և Բատրակովի միջև Տալալաևն ընտրել է Սպերցյանին

«Բալտիկայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը պատասխանել է հարցին, թե ում կցանկանար տեսնել իր թիմում՝ «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովին, թե՞ «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդոյին։

Ըստ Transfermarkt-ի՝ Կրիշտիանու Ռոնալդոյի և Ալեքսեյ Բատրակովի տրանսֆերային արժեքը նույնն է՝ 12 միլիոն եվրո։ Տալալաևին հարցրել են, թե եթե ունենայիք 12 միլիոն եվրո այս երկու ֆուտբոլիստներից մեկին գնելու համար, ո՞ւմ կընտրեիք և ինչու։
«Սպերցյանին։ Բատրակովը տաղանդավոր ֆուտբոլիստ է, ես դա նշել եմ, բայց նա դեռ զարգանում է։ Իսկ Սպերցյանը հասուն խաղացող է, որը կարող է որոշել խաղի ելքը»,–պատասխանել է մարզիչը։

Ապա ճշգրտող հարց է հնչել, թե խոսքը Ռոնալդոյի և Բատրակովի մասին էր, ոչ թե Սպերցյանի։

«Ես կընտրեի Սպերցյանին»,- կրկնել է Տալալաևը մամուլի ասուլիսում։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի առաջին ութ տուրերում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խփել է 4 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։

  • Կիսվել: