շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Փյունիկը պարտվեց Բազելին և ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում

Փյունիկը պարտվեց Բազելին և ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում հյուրընկալել էր Շվեյցարիան ներկայացնող «Բազելին»:

Հանդիպումը մեր թիմը սկսեց բավականին ակտիվ և 3-րդ րոպեին երևանյան թիմի ֆուտբոլիստները նույնիսկ սպառնացին Սալվիի դարպասին։ Հետագայում հանդիպումն ընթանում էր հիմնականում հայկական թիմի առավելությամբ, բայց արդյունքում հաշիվը բացեցին հյուրերը․ 17-րդ րոպեին աչքի ընկավ Դարիան Մալեսը։ Իսկ մոտ 10 րոպե անց շվեյցարացիները կրկնապատկեցին իրենց թիմի առավելությունը․ աչքի ընկավ Անտոն Կադեն։ Խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ հյուրերի երկու գնդակի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը ևս անցավ մեր թիմի առավելությամբ։ Հանդիպման 52-րդ րոպեին մեր թիմը ստացավ նաև թվային առավելություն․ հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով խաղադաշտում՝ Դեն Նդոյեի հեռացվելուց հետո։ Դրանից հետո երևանյան թիմի ֆուտբոլիստներն էլ ավելի ակտիվ սկսեցին գործել մրցակցի կիսադաշտում և մի քանի անգամ սպառնացին մրցակցի դարպասին։ Մեր թիմի գրոհներն էլ ավելի վտանգավոր դարձան հատկապես Արաս Օզբիլիսի խաղադաշտ դուրս գալուց հետո, ով ոգևորում էր ոչ միայն թիմակիցներին, այլ նաև երկրպագուներին՝ ավելի ակտիվ թիմին աջակցելու։ Եվ ահա հանդիպման 71-րդ րոպեին մեր թիմի ֆուտբոլիստ Յուրիչիչը կրճատում է հաշվի տարբերությունը։ Սակայն ավելին անել «Փյունիկի» ֆուտբոլիստներին չհաջողվեց․ հանդիպումն ավարտվեց շվեյցարական թիմի հաղթականով՝ 2-1 հաշվով։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Սլովանը» հաղթեց «Ժալգիրիսին» 2-1 հաշվով։ Այսպիսով, «Փյունիկն» այս կվարտետում զբաղեցրեց երրորդ տեղը։ 6 տուրից հետո այս խմբում թիմերը տեղակայվել են հետևյալ կերպ․

«Սլովան» – 11 միավոր
«Բազել» – 11 միավոր
«Փյունիկ» – 6 միավոր
«Ժալգիրիս» 5 միավոր

Կոնֆերենցիաների լիգայի խմբերում առաջին տեղ զբաղեցրած թիմերը նվաճում են 1/8 եզրափակչի, իսկ 2-րդ տեղ զբաղեցրած թիմերը՝ 1/16 եզրափակչի ուղեգիր։

  • Կիսվել: