ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները

Պարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողները

ՀՀ ԿԳՄՍ  նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցը դարձել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթող:

Մրցանակային երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Երևան քաղաքի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի և Արարատի մարզի Վանաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։

4-12-րդ տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով և մարզագույքով, իսկ 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը խրախուսվել են նաև դրամական պարգևներով, գավաթներով և մեդալներով:

Միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներն անցկացվել են մայիսի 10-ին Վանաձորի Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում։ Մրցումներին ներկա են գտնվել և հաղթողներին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կարեն Գիլոյանը շնորհավորել է բոլոր հաղթողներին և կարևորել նմանօրինակ մասսայական միջոցառումների անցկացումը. «Շատ ուրախ եմ այն պայքարի համար, որ տեսա այսօր: Մասսայական միջոցառումները երկրի համար շատ կարևոր են: Մեր երեխաները պետք է աշխույժ լինեն, շատ մասնակցեն այսպիսի մրցումների, որպեսզի առողջ լինեն և հետագայում երկրի զարգացման գործում իրենց լուման ունենան: Միայն առողջ մարդը կարող է առողջ գործեր կատարել»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այն երեխաներին, ովքեր անմասն մնացին մրցանակային տեղերից, հորդորել է չհուսահատվել և լավ պատրաստվել՝ հաջորդ մրցումներին մասնակցելու համար:

Հանրապետական եզրափակիչ փուլի մրցումների ծրագրում ընդգրկված է եղել 5 մրցաձև՝ խաղային փոխանցումավազք, փոխանցավազք արգելքների հաղթահարմամբ, փոխանցավազք մարմնամարզական օղակներով, խաղային փոխանցումավազք և օլիմպիական խորհրդանիշի հավաքում։

ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, ընդգծել է՝ իրենց համար մեծ պատիվ էր անցկացնել «Սպորտլանդիայի» հանրապետական եզրափակիչ փուլը. «Ողջունում եմ բոլորիդ: Ուրախ եմ բոլորիդ հյուրընկալել Լոռու մարզի այս չքնաղ բնության գրկում: Մեզ համար մեծ պատիվ էր ընդունել այս միջոցառումը: Սպորտը կյանք է, սպորտն առողջություն է ու շատ մեծ դերակատարություն ունի մեր կյանքում»:

«Սպորտլանդիա» մարզական միջոցառումն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ 

  • Կիսվել: