երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին 15 երկրի ըմբիշներ են մասնակցել

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին 15 երկրի ըմբիշներ են մասնակցել

ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո Երևանում անցկացվել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:

Միջազգային մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել են Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը, աշխարհի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանն ու Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը:

Հանդես գալով 57 կգ քաշային կարգում՝ Արսեն Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 11-1 հաշվով վստահ հաղթանակ տանելով Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Գեգելաշվիլիի նկատմամբ: 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 48 վայրկյանում փայլուն հնարքներով հաղթել է Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյա Նաիմին (13-0), իսկ Արման Անդրեասյանը եզրափակչում 5-3 հաշվով կամային հաղթանակ է տարել ղազախ ըմբիշի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր Հրայր Ալիխանյանն արծաթե մեդալ է նվաճել՝ 74 կգ քաշայինների եզրափակչում զիջելով Մոլդովայի ներկայացուցչին:

Ազատոճային հայ ըմբիշներից բրոնզե մեդալին արժանացել է Մեժլում Մեժլումյանը՝ 61 կգ քաշայինների վճռորոշ գոտեմարտում առավելության հասնելով Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցաշարին մասնակցում էր 23 ըմբիշով: Գլխավոր մարզչի խոսքով՝ արդյունքները գոհացնող են, թեև տեխնիկական հնարքներում որոշ թերություններ են առկա:

«Սա ամենակարևոր պահն էր մեզ համար։ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը լավ հանդես եկան։ Արսենն արդեն այլ՝ օլիմպիական քաշային կարգում է հանդես գալիս և UWW-ի դասակարգման աղյուսակում առաջատարն է իր քաշում: Բավական հավաքված գոտեմարտեր անցկացրեց։ Արման Անդրեասյանի մոտ շատ բան կա ուղղելու։ Նրա հետ դեռ շատ աշխատանք ունենք անելու մինչև աշխարհի առաջնություն»,- ասել է Հաբեթնակ Կուրղինյանը:

 

Հիշեցնենք՝ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությունը նախընտրական է Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար: Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ աշխարհի առաջնության կազմը գրեթե հայտնի է. «Ինձ համար արդեն նախորդ տարվա աշխարհի և այս տարվա Եվրոպայի առաջնություններից հետո էր հասկանալի, թե ինչ կազմով ենք մասնակցելու վարկանիշային աշխարհի առաջնությանը։ Սերբիայում մեզ լուրջ պայքար է սպասվում»:

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանը ևս ամփոփել է մրցաշարի արդյունքները. «Հայ ըմբիշների մրցելույթները գերազանց եմ գնահատում: Կորոնավիրուսի, ապա նաև պատերազմի պատճառով երեք տարի չէինք անցկացրել այս մրցաշարը: Հիմա մեր մարզիկները ոգևորված են դուրս գալիս մրցագորգ և ցույց են տալիս իրենց ուժը, մարտական ոգին: Թևանյանը, Հարությունյանը և Անդրեասյանն ապացուցեցին և ցույց տվեցին մեր ուժը: Առջևում աշխարհի առաջնությունն է, ապա նաև Օլիմպիական խաղերը. հուսով եմ՝ այդ մրցաշարերից էլ մեդալներով կվերադառնանք»:

Ստեփան Սարգսյանի գնահատմամբ՝ նմանօրինակ մրցաշարերի անցկացումը կարևոր է մարզաձևի մասսայականացման համար:

 

«Մրցաշարերի շնորհիվ հնարավորություն ենք ունենում ավելի մասսայական դարձնելու ըմբշամարտը: Ինձ համար կարևոր է, որ երեխաները զբաղվեն սպորտով և դառնան դաստիարակված լավ մարդիկ»,- ասել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետը:

Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 25-րդ խաղարկությանը մասնակցում էին ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Մրցաշարի հաղթողը կստանա 3000, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:

  • Կիսվել: