հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Օլ․ վարկանիշային մրցաշար․ Ռաֆայել Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Ռաֆայել Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը չորրորդ հաղթանակը տարավ: 80 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում նա մենամարտեց Իրանի ներկայացուցիչ Մեյսամ Գեշլագիի հետ եւ 5:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ: Բոլոր երեք ռաունդներում մրցավարները առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին: Երրորդ ռաունդում ռինգի մրցավարը երկու անգամ նկատողություն տվեց Ռաֆայել Հովհաննիսյանին գլուխը կախ մենամարտելու համար եւ երկու միավոր հանեց նրա հաշվից, բայց նկատողությունները չազդեցին Հովհաննիսյանի հաղթանակի վրա:

Այս քաշային կարգում խաղարկվում է երկու օլիմպիական ուղեգիր: Կիսաեզրափակիչում հաղթելու դեպքում Հովհաննիսյանը կնվաճի ուղեգիր:

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից պայքարը շարունակում են նաեւ Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), Անի Հովսեփյանը (66 կգ) Եկատերինա Սիչեւան (54 կգ )։

Պայքարից դուրս են մնացել 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը։

Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին:

Հայ բռնցքամարտիկները դեռեւս չունեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր, հայտնում է sport.news.am-ը:

  • Կիսվել: