ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մրցելու հնարավորություն սպորտում․ հաշմանդամություն ունեցող անձանց համար Գյումրիում անցկացվել է մարզական միջոցառում

Մրցելու հնարավորություն սպորտում․ հաշմանդամություն ունեցող անձանց համար Գյումրիում անցկացվել է մարզական միջոցառում

Այսօր Գյումրիի «Էմիլի Արեգակ» կենտրոնում անցկացվել է մարզական միջոցառում, որին մասնակցել են կենտրոնի շահառուները, կամավորականներ ու հաշմանդամություն ունեցող անձինք։ Եվրամիության ֆինանսավորմամբ «Ագաթ» ՀԿ-ի նախաձեռնած միջոցառումը հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների, հմտությունների և հնարավորությունների բացահայտմանը, ինչպես նաև ադապտիվ սպորտաձևերի զարգացմանն ու սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շրջանում առողջ ապրելակերպի տարածման ուղղված քայլերից մեկն է։

Տեսողական խնդիրներ ունեցող անձինք առաջին անգամ էին փորձում ֆուտբոլ խաղալ։ Մարզաձևը հատուկ հարմարեցվել է նրանց։ Շոշափելու, զգալու, ձայնային գնդակի ազդանշանները լսելու միջոցով ֆուտբոլիստները տեղաշարժվում էին դաշտում։ Կույր սպորտը Հայաստանում դեռ նոր է փորձում զարգանալ, բայց Եվրոպայում այն հայտնի մարզաձև է, անցկացվում են նաև Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ։

«Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Բրազիլիայում և Արգենտինիայում կույր ֆուտբոլը շատ տարածված է, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ են անցկացվում պարաօլիմպիկ։ Հայաստանում դեռ նոր մի քանի տարի է զարգանում, և ասեմ, որ շատ բարդություններ կան, քանի որ տեսողական խնդիրներ ունեցող անձինք ունեն մտավախություններ, հոգեբանական բարդույթներ, մտածում են, որ վայր կընկնեն, վախեր կան, նաև մի քիչ պայմանները չեն բավարարում, որ ավելի լիարժեք այս մարզաձևը զարգանա»,-ShantNews-ի լրագրողի հետ զրույցում նշել է «կույր ֆուտբոլ» մարզաձևի համակարգող Ալլա Սահակյանը։

Տեսողական խնդիրներ ունեցող անձանց է հարմարեցվել նաև սեղանի թենիս խաղը։ Տարբեր հաշմանդամություն ունեցող երիտասարդներն ու աղջիկներն իրենց ֆիզիկական կարողություններն են փորձում թենիսի սեղանի շուրջ։ Այս սպորտաձևը ևս համարվում է ադապտիվ, որից կարող են օգտվել բոլորը՝ անկախ իրենց ունեցած խնդիրներից։

«Ես սպորտով զբաղվել եմ դեռ դպրոցական տարիքից, նույն թենիսը խաղացել ենք դպրոցում, բայց առաջին անգամ եմ խաղում այսպիսի թենիս ու բավականին հարմարեցված էր թե՛ տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց, թե՛ տեսողական խնդիրներ ունեցողների համար։ Իրականում շատ դրայվային խաղ էր ու լի էր էմոցիաներով»,- իր զգացողությունների մասին է պատմել ծրագրի շահառու Լուսինե Ստեփանյանը։

«Էմիլի Արեգակ» կենտրոնում տարբեր սպորտաձևերում միմյանց հետ մրցելու հնարավորություն էին ստացել հաշմանդամություն ունեցող և չունեցող անձինք՝ այս կերպ բոլորի համար ստեղծելով մրցակցային հարմարավետ պայմաններ։ «Մրցելու հնարավորություն» մարզական միջոցառումը միտված է ադապտիվ սպորտաձևերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում տարածել առողջ ապրելակերպի առավելությունները, ինչպես նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ընդգրկել տարբեր սպորտաձևերում։

Հաշմանդամություն ունեցող անձնանց շփման հնարավորությունների ստեղծմանը նպաստում են ինտերակտիվ խաղերը, որոնք ևս հարմարեցված են նրանց կարիքների համար ու զարգացնում են հիշողությունը, ուշադրությունը, լսողությունն ու ճիշտ կողմնորոշվելու ունակությունը։

Ադապտիվ սպորտաձևերը լայն տարածում ունեն, իսկ Հայաստանում այդ ուղղությամբ առայժմ աշխատանք տանում են հասարակական կազմակերպությունները։ Այսպիսի միջոցառումների օգնությամբ փորձառու և մասնագետ-մարզիչները կբացահայտեն պոտենցիալ ունեցող մարզիկներին, կձևավորվեն հավաքականներ, որոնք տարբեր սպորտաձևերում կանցկացնեն նաև հանրապետական մրցաշարեր։

 

  • Կիսվել: