Խելահեղ խաղ էր, իմ չգրանցած գոլը կհիշեմ ամբողջ կյանքում. Մխիթարյան
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ 3:3 հաշվով ոչ ոքի արդյունքը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Կատալոնիայի մայրաքաղաքում։ Հենրիխ Մխիթարյանի գոլը 3:3 հաշվի ժամանակ չէր գրանցվել չնչին խաղից դուրս վիճակի պատճառով։
«Խելահեղ խաղ էր։ Դիտելու համար խելահեղ խաղ էր, բայց խաղացողների համար բարդ էր։ Մենք ցուցադրեցինք մեր լավագույն որակները, բայց սա ֆուտբոլ է, ամեն ինչ կարող է պատահել։ Մենք առջեւում էինք սկզբնամասում 2:0 հաշվով, բայց չէինք մտածում, որ արդեն հաղթել ենք։
«Բարսելոնան» մեծ ճնշում էր գործադրում։ Նրանք հրաշալի էին գործում գնդակով։ Մենք մեր լավագույն խաղը ցուցադրեցինք։ Ցավոք, չկարողացանք պահպանել 3:2 հաշիվը։ Մենք մտածում ենք երկրորդ հանդիպման մասին։ Պետք է լավ վերականգնվել։
Ցավոք, 2-3 սանտիմետրի պատճառով իմ գոլը չգրանցվեց, բայց ոչինչ չես կարող անել։ Հավանաբար, իմ մեծ ձգտման պատճառով հայտնվեցի խաղից դուրս վիճակում։ Հավանաբար, ամբողջ կյանքում կհիշեմ այդ դրվագը։ Հույս ունեմ՝ պատասխան խաղում կգրավեմ մրցակցի դարպասը։
Հեշտ չէ «Բարսելոնայի» դեմ խաղալը, քանի որ նրանք ունեն շատ տաղանդավոր եւ երիտասարդ թիմ։ Պատասխան խաղում հեշտ չի լինի, քանի որ մենք կորցրեցինք մեր ավագին, առաջատարին՝ Լաուտարո Մարտինեսին, բայց մենք կձգտենք անել առավելագույնը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է TNT Sports Football-ը։
Լաուտարո Մարտինեսը վնասվածք է ստացել այս խաղում։
Պատասխան հանդիպումը Միլանում տեղի կունենա մայիսի 6-ին։