երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը

Մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը

Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը:

Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վերջին 3 տարիների ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի ՀՀ առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:

Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով՝ 1.95 և ավելի չափի անիվներով ու պարտադիր՝ սաղավարտով:

Ցանկացած տիպի խճուղային, էլեկտրական և մոտորային շարժիչներով հեծանիվներն արգելվում են, ինչպես նաև խճուղային և սպորտային ղեկով հեծանիվի մոդիֆիկացված ցանկացած հեծանիվ, արգելվում է նաև կոնտակտային ոտնակների կիրառումը:

Մրցաշարը մայիսի 28-ին տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շորժա համայնքից՝ ժամը 14:00-ից, 40 կմ): Յուրաքանչյուր մասնակից մեկնարկին (start) և վերջնարկին (finish) պարտավոր է իր հեծանիվը ներկայացնել տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովին:

Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումից երկու ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթերով և բժշկի համապատասխան թույլտվությամբ: Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`

1-ին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (2004-1987 թթ.) կանայք, 18-40 տարեկան (2004-1982 թթ.) տղամարդիկ.

2-րդ տարիքային խումբ՝ 36-տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են դրամական մրցանակներով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները՝ նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Դրամական մրցանակներ 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

  • 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ
  • 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ
  • 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ
  • 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ
  • 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
  • 6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ
  • 11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ

  • Կիսվել: