երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մարիամ Մկրտչյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը. Շախմատի պատանեկան ԱԱ

Մարիամ Մկրտչյանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը. Շախմատի պատանեկան ԱԱ

Ռումինիայում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում շարունակում է գերազանց ելույթները Մարիամ Մկրտչյանը, որը հանդես է գալիս Մ18 խմբում:

4-րդ տուրում նա պարտության է մատնել առաջին քառյակում գտնվող էստոնացի Անաստասիա Սինիցինային: Շախմատի Հայաստանի գործող չեմպիոնուհին 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց և հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Տարիքային այս խմբի մրցաշարին մասնակցող Վերոնիկա Խաչատրյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան և վաստակեց 2,5 միավոր: Պատանի հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարի մասնակիցներ Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը և մինչև 18 տարեկանների մրցաշարում ելույթ ունեցող Մամիկոն Ղարիբյանը, որոնք վաստակել են 3,5-ական միավոր: Երեքի համար էլ տուրը հաղթական էր: Օհանյանը պարտության մատնեց շվեյցարացի Դորյան Ասլանիին, Դավթյանն առավելության հասավ ռումինացի Ռոբերտ Քրեանգայի նկատմամբ, իսկ Ղարիբյանը հաղթեց հնդիկ Կամոտրա Սոհամին:

Հայ շախմատիստներից 4-րդ տուրում հաղթանակներ տարան նաև Սարգիս Սարգսյանը (Մ18, 3 միավոր), Ալեքս Սահակյանը (Մ16, 2,5 միավոր), Ռուդոլֆ Փաշիկյանը (Մ14, 3 միավոր), Բենիկ Աղասարովը (Մ14, 2,5 միավոր) և Անի Ավետիսյանը (Մ14, 3,5 միավոր):
Էմին Օհանյանը, Արսեն Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը և Անի Ավետիսյանն իրենց տարիքայինների խմբում առաջատարների թվում են:

Այսօր կկայանան 5-րդ տուրի մրցախաղերը:

  • Կիսվել: