ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լիանա Գյուրջյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 10-րդն է

Լիանա Գյուրջյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 10-րդն է

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 215 կգ արդյունքով (95+120 կգ) զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:

Պոկում վարժությունում Գյուրջյանը հաջող է կատարել միայն երկրորդ մոտեցումն ու գլխավերևում պահել 95 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում ևս հայ մարզուհին միայն մեկ մոտեցում է հաջող կատարել՝ բարձրացնելով 120 կգ-ն:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր Աննա Ամրոյանը հանդես է եկել B ենթախմբում և երկամարտում գրանցել 202 կգ արդյունք (85+117 կգ):

Պոկում վարժությունում հայ մարզուհին հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ և երրորդ մոտեցումների համար Աննան 91 կգ է պատվիրել, սակայն չի կարողացել այն բարձրացնել: Հրում վարժությունում Աննան հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով նախ 107, 113 և 117 կգ կշռող ծանրաձողերը:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Ուկրաինայի ներկայացուցիչ Իրինա Դեկհան՝ երկամարտի 258 կգ արդյունքով (123+135 կգ), արծաթե մեդալակիր է դարձել Թուրքիայի ներկայացուցիչ Դիլարա Նարինը՝ երկամարտի 235 կգ արդյունքով (101+134 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է մոլդովացի Ելենա Էրիգինան՝ երկամարտի 234 կգ արդյունքով (104+130 կգ):

Հիշեցնենք՝ Հայաստանն արդեն 5 մեդալ է նվաճել երկամարտում: 67 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն ավելի վաղ նվաճել է Գոռ Սահակյանը: 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը երկամարտում գրավել է 3-րդ տեղը, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն:

Կանանց 55 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը դարձել է բրոնզե, իսկ 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը՝ արծաթե մեդալակիր:

  • Կիսվել: