երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Լևոն Արոնյանն ու Տաթև Աբրահամյանը հնարավորություն են ստացել շարունակելու պայքարը Ամերիկայի գավաթի համար

Լևոն Արոնյանն ու Տաթև Աբրահամյանը հնարավորություն են ստացել շարունակելու պայքարը Ամերիկայի գավաթի համար

Սենթ Լուիսում ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունն անցկացվում է յուրօրինակ մրցակարգով: Այս մասին հաղորդում է vnews.am-ը: Մեկ մրցախաղում պարտված շախմատիստները պայքարը շարունակելու հնարավորություն են ստանում և կարող են ի վերջո նույնիսկ դառնալ մրցաշարի հաղթող:

Հենց այդպիսի հնարավորություն է ստացել Լևոն Արոնյանը, որը կիսաեզրափակչում զիջել էր Լենիեր Դոմինգեսին: Շարունակելով պայքարը՝ Արոնյանը նախ 1,5-0,5 հաշվով հաղթել է Ուեսլի Սոյին, ապա շահել երկու պարտիաները Ռեյ Ռոբսոնի հետ մրցախաղում:

Եվ այժմ Արոնյանը կրկին կմրցի Լերնիեր Դոմինգեսի հետ, որը եզրափակչում 0,5-1,5 հաշվով պարտվեց Ֆաբիանո Կարուանային: Եվ եթե Արոնյանին հաջողվի առավելության հասնել Դոմինգեսի նկատմամբ, ապա Կարուանայի հետ կվիճարկի գլխավոր մրցանակը:

Կանանց մրցաշարում էլ նույնպիսի իրավիճակում է հայտնվել Տաթև Աբրահամյանը, որը 3-1 հաշվով հաղթեց Գուլրուխբեգիմ Օխիրժոնովային և հաջորդ մրցախաղում կրկին կհանդիպի Ալիս Լիի հետ, որին պարտվել էր կիսաեզրափակչում: Լին եզրափակչում 0,5-1,5 հաշվով զիջել էր Իրինա Կրուշին:

Եթե Տաթև Աբրահամյանին հաջողվի ռևանշի հասնել Ալիս Լիի նկատմամբ, ապա Իրինա Կրուշի հետ մրցախաղում կվիճարկի Ամերիկայի գավաթը:

Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 300 հազար դոլար է: Տղամարդկանց մրցաշարի հաղթողը կստանա 50 հազար դոլար, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կպարգևատրվեն համապատասխանաբար 35 և 25 հազար դոլարով: Կանանց մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար դոլար, 2-րդ և 3-րդ մրցանակակիրները՝ համապատասխանաբար 18 և 12 հազար դոլար:

  • Կիսվել: