Կրքերը հանդարտվե՞լ են. Սիմեոնեն անձամբ է դիմել Ռեալի նախագահին
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ներողություն է խնդրել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորից և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսից՝ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ գրանցված միջադեպի համար, գրում է armsport.am-ը:
Հինգշաբթի կայացած խաղում «Ատլետիկոն» պարտվել էր 1:2 հաշվով: Հանդիպման ընթացքում Սիմեոնեն բղավել էր Վինիսիուսի ուղղությամբ. «Ֆլորենտինոն քեզ դուրս կշպրտի, հիշի՛ր խոսքերս»: 81-րդ րոպեին, երբ բրազիլացին լքում էր խաղադաշտը, արգենտինացի մասնագետը ակտիվ ժեստիկուլյացիայով դիմել էր ֆուտբոլիստին՝ մատնացույց անելով տրիբունաներն ու ականջը:
«Ես ներողություն եմ խնդրում նախագահ Ֆլորենտինո Պերեսից և Վինիսիուսից: Այն, ինչ ես արեցի խաղադաշտում՝ պահի ազդեցության տակ, սխալ էր»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում L’Europe-ը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը կայացած Սուպերգավաթի եզրափակչում «Ռեալը» 2:3 հաշվով զիջել է «Բարսելոնային»:


