հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կգնամ Հայաստան ոչ թե պարզապես ապրելու, այլ աշխատելու համար. Մարկոս Պիզելի

Կգնամ Հայաստան ոչ թե պարզապես ապրելու, այլ աշխատելու համար. Մարկոս Պիզելի

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին ծավալուն հարցազրույց է տվել metaratings-ին, որից sport.mediamax.am-ն ընտրել է կարեւոր մասերն ու թարգմանաբար ներկայացնում է ընթերցողներին։

Հայաստան գալու մտադրությունը

«Նախորդ տարի ՈւԵՖԱ-ի ֆուտբոլային սերտիֆիկատ եմ ստացել, չէի ցանկանում մարզիչ լինել ու այժմ ֆուտբոլի հետ կապվելու եմ միայն զուտ ադմինիստրատիվ հարցերով։

Շատ եմ ցանկանում մեկնել Հայաստան, բայց դեռ չեմ որոշել, թե երբ կանեմ դա։ Պետք է զրուցեմ ՀՖՖ-ի հետ, քանի որ հետագա աշխատանքի հետ կապված մի քանի մտքեր ունեմ։

Կարիերաս ավարտելուց հետո շատ բան փոխվեց՝ նախ համավարակն էր, հետո երկվորյակներս ծնվեցին։ Բայց ցանկանում եմ կրկին աշխատել ու ակտիվ ներգրավվել ֆուտբոլում մյուս տարի, կամ էլ 2025-ին։ Կգնամ Հայաստան ոչ թե պարզապես ապրելու, այլ աշխատելու համար։

Միգուցե դա կլինի աշխատանք ակումբում, բայց դեռ ցանկանում եմ սովորել։ Չեմ ուզում այնտեղ գնալ ու գործ ստանալ իմ անվան շնորհիվ, որովհետեւ ինձ սիրում ու հարգում են։ Մեկնելու դեպքում պետք է օգուտ բերեմ, այժմ ես պատրաստվում եմ դրան։

Հայաստանի հավաքականը

Հայաստանի հավաքականում հանդես գալն անչափ կարեւոր է եղել ինձ համար։ Միշտ զգացել եմ, թե մեր խաղերը որքան են ոգեւորում մարդկանց, ամեն ինչ արել եմ հաղթանակի հասնելու համար։

Այժմ էլ փորձում եմ բաց չթողնել եւ ոչ մի հանդիպում։ Ինձ դուր է գալիս, թե ինչպես է խաղում այսօրվա հավաքականը, սիրում եմ, երբ թիմը շատ ժամանակ է անցկացնում գնդակով։ Անշուշտ, առանց սխալների հնարավոր չէ, բայց այս տղաների մոտ լավ որակներ կան։ Հավատում եմ, որ մոտակա երկու տարում նրանք կբարելավեն իրենց խաղը՝ մեծ մրցաշար դուրս գալու համար։

Չեմ հավատում, որ 2024-ի Եվրոպայի առաջնությունում նրանք հանդես կգան։ Մարզիչը նոր է, շատ են նոր ֆուտբոլիստները։ Շատ եմ ցանկանում, որ լինեն ԵՎՐՈ-2024-ում, բայց նրանց դեռ ժամանակ է հարկավոր։ Իսկ այժմ հավաքականն անկայուն է խաղում։


Մխիթարյանի մասին

Կարծում եմ, որ Հենրիխ Մխիթարյանը շուտ հեռացավ հավաքականից։ Նա դեռ կարող էր օգնել, մանավանդ հիմա, երբ շատ երիտասարդներ են միացել թիմին։ Ճանաչելով Հենրիխին՝ գիտեմ, որ նա չի վերադառնա։ Անկեղծ ասած ես անակնկալի եկա, երբ նա ավարտեց կարիերան, բայց մենք պետք է հարգենք նրա որոշումը։ Ցավոք, բայց Հայաստանում այլեւս նրա մակարդակի ֆուտբոլիստ չկա։

Մխիթարյանը շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է ու կարող եմ ասել, որ, այո, հայկական ֆուտբոլի լավագույն խաղացողը։

Իհարկե, առանց նրա էլ թիմը կարող է խաղալ, չէ՞ որ դաշտ են դուրս գալիս 11 խաղացող։

Սպերցյանն ու Տիկնիզյանը

Էդուարդ Սպերցյանը նման է Մխիթարյանին ու նույն դիրքում է խաղում։ Կարող էին հեշտությամբ համագործակցել, դա շատ լավ կլիներ հայկական ֆուտբոլի համար։

Միգուցե Էդուարդի ոճն իմին էլ է նման։ Հայաստանում նրա հետ շփվել եմ ու հասկացել, որ լավ մարդ է, որն աստիճանաբար դառնում է լավ ֆուտբոլիստ։

Նա ունակ է խաղալ «Այաքս»-ում, բայց մտածողության տարբերություն կա։ Պետք է նպատակ դնի իր առջեւ ու գնա դեպի այն։ Տարբեր երկրներ հետաքրքրված են Էդուարդով, կարծում եմ, եթե տեղափոխվի գերմանական ակումբ, ավելի լավ կլինի իր համար։

Նաիր Տիկնիզյանի խաղն առաջին անգամ տեսա, երբ խաղում էին Թուրքիայի դեմ։ Նա ինձ տպավորեց իր վստահ խաղով, մեծ պոտենցիալ ունի։ Կարծում եմ, որ Նաիրը եւս հնարավորություն ունի թոփ ակումբներում հանդես գալու։

Հետեւելով Բրազիլիայում հայ ֆուտբոլիստների ելույթներին

Այժմ բրազիլական «Գրեմիո»-ում շատ լավ երիտասարդ դարպասապահ կա՝ Արթուր Կոնեգլյանը։ Դեռ մտածում է Հայաստանի հավաքականն ընտրելու հարցի շուրջ, նրա ընտանիքը շատ վաղուց չի եղել Հայաստանում, ինքն էլ շատ քիչ բան գիտի երկրի մասին։

Միգուցե ընտրի Բրազիլիան, նրա մասին արդեն հայտնել են հավաքականի գլխավոր մարզչին, դրա համար այսպիսի մտքեր ունեմ։ Բայց եթե մոտ ապագայում Բրազիլիայից հրավեր չստացավ, ապա կընտրի Հայաստանը։

Բրազիլիայում մեծ հայկական համայնք կա, կան մի շարք երիտասարդներ, ովքեր կարող են հետագայում համալրել հավաքականի շարքերը։ Շատերն են ցանկանում միանալ Հայաստանի թիմին, բայց դա քիչ է, հարկավոր է նաեւ ֆուտբոլային ունակություններ ունենալ»։

  • Կիսվել: