ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է «Միկա» մարզահամալիրի վերանորոգման և արդիականացման աշխատանքներին
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր` հուլիսի 11-20-ը Երևանում անցկացվելիք բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
Նախարարի տեղակալին ներկայացվել են համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման և արդիականացման աշխատանքները։
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Միկա» մարզահամալիրում, մասնավորապես, արդեն կատարվել են մարզադահլիճի հղկման, ներկման, հանդերձարանների և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ։
Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը նախարարի տեղակալին ներկայացրել է արդեն իրականացված աշխատանքներն ու համալիրի գործունեության հիմնական ուղղությունները։
Հասմիկ Ավագյանը շրջել է համալիրի մարզական և վարչական ենթակառուցվածքներում՝ տեղում քննարկելով առաջնության պատշաճ անցկացմանն առնչվող մի շարք կազմակերպական հարցեր:
Խորեն Զարգարյանի խոսքով՝ Մ20 առաջնության նախապատրաստական աշխատանքներն ընթանում են մեծ թափով՝ ըստ սահմանված ժամանակացույցի։ Նախատեսվում է, որ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի հանդիպումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ մյուս երկրների հավաքականները կհյուրընկալվեն «Միկա» մարզահամալիրում։
Նա նաև նշել է, որ ներկայում «Միկա» մարզահամալիրում տարբեր մարզաձևերով՝ ֆուտբոլ, ըմբշամարտ, կարատե, ձյուդո, ֆուտզալ և այլն, մարզվում է շուրջ 1500 երեխա, ինչը վկայում է կենտրոնի ակտիվ գործունեության և հանրային նշանակության մասին։
Եվրոպայի Մ20 B դիվիզիոնի բասկետբոլի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 11-ին։ Երևանը կհյուրընկալի 20 երկրների հավաքականների, որոնք կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին կմրցի Իռլանդիայի, իսկ հուլիսի 15-ին՝ Էստոնիայի Մ20 տարեկանների հավաքականի հետ: